Երևանի քաղաքապետարանի կողմից վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է.

«Երևանի քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, Երևանի բազմաբնակարան շենքերի թվով 500 հատ վերելակների ձեռքբերման (տեղադրումով և սպասարկմամբ) նպատակով 02.04.2020 թվականին հայտարարել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգ, որի բացումը տեղի է ունեցել 13.05.2020 թվականին և որին մասնակցում են թվով հինգ կազմակերպություններ: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գտնվում են գնահատման փուլում:

«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին հորդորում ենք վերանայել թեմայի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը եւ համապատասխան հերքում հրապարակել: Այլապես, տպավորություն է ստեղծվում, թե թերթը զբաղված է ինչ-որ ընկերության լոբբինգով՝ փորձելով ազդել քաղաքապետարանի հայտարարած գնման ընթացակարգի արդյունքների վրա։

Տեղեկացնում ենք, որ հայտարարված մրցույթներն անց են կացվում օրենսդրությանը համապատասխան, և նման հրապարակումը, ինչպես նաև այլ գործողություններ, չեն կարող ազդել գնման ընթացակարգի արդյունքների վրա»։