«Առավոտ».ՊՆ-ն խոչընդոտում է լրագրողների մուտքը հոսպիտալ

«Առավոտ».ՊՆ-ն խոչընդոտում է լրագրողների մուտքը հոսպիտալ
«Առավոտ».ՊՆ-ն խոչընդոտում է լրագրողների մուտքը հոսպիտալ

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի անվտանգության աշխատակիցների կողմից մահացու ծեծի ենթարկված բժիշկներից մեկը` Արտակ Բայադյանը, մի քանի ժամ առաջ ուշքի է եկել եւ ցանկություն հայտնել պատասխանել ռեստորանի տնօրենի մեղադրանքներին, ըստ որի, իբր թե բժիշկները հարբած են եղել: Aravot.am-ը փորձեց հանդիպել եւ լսել տուժածին, սակայն, զինվորական հոսպիտալի հենց նախամուտքում մեզ արգելեցին ներս մտնել: Մեր այն պնդմանը, որ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի հետ վարչության թույլտվությամբ ենք այցելել հոսպիտալ, այսպես ասած`ԿՊՊ-ի ղեկավարը, շատ կոպիտ տոնով մեզ ասաց, որ հոսպիտալի պետը արգելել է լրատվամիջոցների մուտքը: Իսկ մեր այն հարցին էլ, թե այդ դեպքում, ինչո՞ւ են թույլ տվել «Չենք լռելու» նախաձեռնությանը ներս մտնել եւ նկարահանումներ կատարել, ԿՊՊ-ի «շեֆը», որին «Կամանդիր» էին ասում, պատասխանեց` ուրեմն նախարարությունից թույլտվություն է ստացել:

Aravot.am-ի բոլոր ջանքերին` լսելու տուժած բժշկի պարզաբանումները, թե ՊՆ-ից, թե’ հոսպիտալից, խոչընդոտեցին:

Մեր հարցին, թե ինչո՞ւ են խոչընդոտում տուժածի ազատ արտահայտվելուն, եւ եթե արգելված է հոսպիտալ մուտքը, ապա ինչպե՞ս է «Չենք լռելու» խմբին հաջող/վել նկարահանում կատարել,ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը պատասխանեց. «Մենք էլ չենք հասկանում, թե նրանք ինչպես են կարողացել ներս մտնել: Մենք իրավունք չունենք հոսպիտալի ղեկավարին ասել, որ թույլ տա լրագրողներին ներս մտնել»:

Ուշագրավն այն է, որ երեկ էլ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ զրույցում նա մեզ վստահեցրեց, որ նախարարության իր վերադասներն են իրեն հանձնարարել` որեւիցէ լրատվամիջոցների թույլ չտալ հոսպիտալ մուքտ գործել:

Իսկ նախարարության աշխատակից Մուշեղ Աղեկյանն էլ Aravot.am-ին վստահեցրեց, որ նախաքննության շահերից ելնելով են լրագրողների մուտքն արգելում. «Գործը պաշտպանության նախարարության քննչական վարչությունում է, կարո՞ղ եք` դիմեք իրենց»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ