Մարկ Սաղաթելյանին վիրահատել են, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ կա դրական տեղաշարժ

Մարկ Սաղաթելյանին վիրահատել են, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ կա դրական տեղաշարժ
Մարկ Սաղաթելյանին վիրահատել են, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ կա դրական տեղաշարժ

Քիչ առաջ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրում ավարտվել է շոումեն Մարկ Սաղաթելյանի վիրահատությունը, որը կատարել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

Համալսարանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է անցել վիրահատությունը, ասաց, որ Մ. Սաղաթելյանի մոտ վթարի հետևանքով առկա էր կոնքոսկրի բարդ կոտրվածք ու անհրաժեշտ էր վիրահատական միջամտություն, քանի որ միայն կոնսերվատիվ բուժումը քիչ կլիներ: «Մարկ Սաղաթելյանին վիրահատությունից հետո տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, նա արդեն մոտ մեկ ժամ է արթնացել է, իրեն զգում է նորմալ»-,- ասաց մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ժամը 01.35-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում և հրդեհ է բռնկվել: Պատահարի հետևանքով տուժել են հայտնի շոումեն, նախկին «КВН»-ի առաջատարներից Մարկ Սաղաթելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը:

Ա. Հայթայանը նաև հայտնեց, որ ինչպես Մ. Սաղաթելյանը, այնպես էլ մյուս հիվանդը` Գրիգոր Նազարյանը, գիշերն անցկացրել են հանգիստ: «Գրիգորի մոտ էլ կա դրական տեղաշարժ: Նրա մոտ առկա էր կրծքավանդակի և թոքերի սալջարդ, ինչի հետևանքով շնչառական խնդիրներ ուներ: Հիմա վիճակն ավելի լավ է»- ասաց նա:Կարդալ ավելին