Միքայել Մինասյանի 1 լայվի 4 ստերը. Fip.am

Fip.am-ը գրում է․ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մայիսի 18-ին Ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը, որում խոսեց ՌԴ Վորոնեժ քաղաքում Երևանից մեկնած ինքնաթիռի մասին։ Ըստ Մինասյանի՝ ինքնաթիռը բարձված է եղել մոտ 18 տոննա մաքսանենգ ծխախոտով, ինչն էլ հիմք է հանդիսացել Ռուսաստանի իրավապահների կողմից դրա առգրավման համար։

Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը 5» տեսաուղերձում, սակայն, հանդես է եկել իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներով, որոնց «Փաստերի ստուգման հարթակը» կանդրադառնա ստորև՝ ներկայացնելով դրանց կեղծ լինելու փաստերը։

Թռիչքների համար կառավարության որոշում պետք չէ

Ըստ Մինասյանի՝ արտակարգ դրության պայմաններում բոլոր ինքնաթիռները, որոնք մեկնում են Հայաստանից կամ ժամանում են Հայաստան, պետք է ունենան կառավարության թույլտվությունը։

Որպես հիմնավորում՝ Մինասյանի տեսաուղերձում ցուցադրվում է պարետատան կողմից տարածված բացատրական ուղեցույցից մի կադր, որտեղ գրվում է քաղաքացիների՝ ցամաքային սահմանով մուտքի ու ելքի արգելքների մասին։

Բայց հիշենք, որ Մինասյանը խոսում է ինքնաթիռի մասին, և հետևաբար՝ արտակարգ դրության մասին որոշման այս հատվածը մեջբերելը տեղին չէ և մանիպուլյատիվ է։ Հասկանանք, թե ինչ կանոնակարգեր կան օդային սահմանների մասով։

Այսպես, ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման հավելվածի 5-րդ գլխի համաձայն՝ ՀՀ սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել պարետի որոշմամբ։

Սակայն չկա պարետի որևէ որոշում, որը կսահմանափակի օդային բեռնափոխադրումները կամ բեռնափոխադրող ինքնաթիռների մեկնումն ու ժամանումը, կամ կենթադրի, որ դրա համար պետք է որևէ հատուկ թույլտվություն։ Ինչպես այս, այնպես էլ որևէ այլ թռիչքի համար պետք է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թույլտվությունը, որի ստացման կարգը, ինչպես մեզ տեղեկացրին վարչությունից, արտակարգ դրության պայմաններում որևէ կերպ չի փոփոխվել:

Այսինքն, մայիսի 9-ի՝ Երևան-Վորոնեժ թռիչքի համար կառավարության կամ պարետատան որևէ թույլտվություն պետք չէր: Ավելին՝ օրական բազմաթիվ (հիմնականում՝ բեռնափոխադրող) թռիչքներ են իրականացվում «Զվարթնոց» օդակայանից՝ առանց կառավարության կամ պարետի թույլտվության:

«Товары народного потребления» ապրանքատեսակ գոյություն չունի

Մինասյանն իր խոսքում մի քանի անգամ նշում է, որ ինքնաթիռում եղած 18 տոննա ծխախոտը ձևակերպված է եղել որպես «товары народного потребления» (ժողովրդական օգտագործման ապրանքներ-խմբ.

Մինչդեռ մաքսային հայտարարագրման և վիճակագրության վարման նպատակով Հայաստանում (և ամբողջ ԵԱՏՄ-ում) կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ): Սա նշանակում է, որ ցանկացած ապրանքատեսակ ունի միայն իրեն բնորոշ ապրանքային ծածկագիր և անվանում։ ԱՏԳ ԱԱ-ում թվարկված են բոլոր հնարավոր ապրանքները՝ 97 խումբ և ավելի քան 11 հազար ապրանքատեսակ։ Սակայն այդ 11 հազարից և որևէ մի ապրանքատեսակի անվանումը նույնիսկ նման չէ Միքայել Մինասյանի կողմից մի քանի անգամ հիշատակված «товары народного потребления» եզրույթին։

Սա նշանակում է, որ տեղափոխվող ապրանքը որևէ կերպ չէր կարող ձևակերպված լիներ ԱՏԳ ԱԱ-ում գոյություն չունեցող «товары народного потребления» անվանմամբ։

Թռիչքի մասին ոչինչ չի «ջնջվել»

Միքայել Մինասյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մաֆիոզի վայել սկսում է հետքերը մաքրել և սկսում են հայկական բոլոր ռեգիստրներից… Ըստ հայկական ռեգիստրների՝ այդպիսի թռիչք չի եղել երբեք և չի եղել թռիչք Երևանից Վորոնեժ մայիսի 9-ին: Կարող եք հարցնել և տեսնել»: 

Նախ նշենք, որ հետևելով Սերժ Սարգսյանի փեսայի խորհրդին՝ «Փաստերի ստուգման հարթակը» հարցում ուղարկեց Քաղավիացիայի գլխավոր վարչություն, և ստացված պատասխանը տրամագծորեն հակասում է Մինասյանի խոստացած ակնկալիքին: Քաղավիացիայի ռեգիստրներում հստակ երևում է, որ մայիսի 9-ին Երևանից եղել են թռիչքներ դեպի Մինսկ, Վորոնեժ, Լինչոպինգ և Էրբրիլ: Երևան-Վորոնեժ 9240 թռիչքը, ըստ Քաղավիացիայի ռեգիստրների, եղել է բեռնատար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում