Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ Արայիկ Հարությունյանին

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական այրի իր գիտելիքները և փորձը ամբողջովին կներդնի հայրենիքը անսասան պահելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այս մասին ասաց Շուշիի Մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում անցկացվող ԱԺ հատուկ նիստում նախագահի՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողությանը՝ օրհնության կարգ կատարելուց առաջ:

«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա պետական այրի գիտելիքները և փորձը ամբողջովին ի սպաս կդնեք մեր հայրենիքը անսասան պահելու, ժողովրդին հույս և ոգի տալու համար:

Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք: Ինչպես 17 տարեկանում զենքը ուսին Դուք պաշտպանել եք մեր հայրենիքը, այսօր դուք շարունակելու եք նույն նվիրական վսեմ առաքելությունը ամենաբարձր դիրքից: Մեր աղոթքն ու մաղթանքն է՝ քաջաբարո ծառայեք, ուրախությամբ ծառայեք, արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, անվախորեն տարեք առաջ մեր ժողովրդին՝ արդարացնելով այս հերոսական մեր ժողովրդի բոլոր-բոլոր իղձերն ու երազանքները: Միշտ Ձեր կողքին ենք լինելու:

Մեր ազգը 5 տարով տվեց իր վստահությունը Ձեզ, և Ձեր նոր թիմի հետ յուրահատուկ հույսեր է կապում: Մաղթում եմ Ձեզ կատարյալ հաջողություն՝ հայրենաշինության ասպարեզում և ի վայելումն ազգիս Հայոց »,-ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը՝ մաղթելով բարի երթ՝ դեպի նորանոր բարի պտուղներ՝ հանուն խաղաղության, անվտանգության և ժողովրդի բարգավաճման:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։