Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցությունը

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 14-ին Նիկոսիայում հանդիպել է հումանիտար և սփյուռքի հարցերով Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ: 

Ողջունելով Ֆոտիս Ֆոտիուին` դեսպան Մկրտչյանն անդրադարձել է երկու երկրների միջև եղբայրական ու երկարամյա հարաբերություններին` նշելով, որ երկու ժողովուրդներին միավորում են ընդհանուր պատմությունը, արժեհամակարգը, մարտահրավերները:

 Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև սփյուռքին վերաբերող հարցերի շուրջ համագործակցությունը` կարևորելով ինչպես Հայաստան-Կիպրոս երկկողմ, այնպես էլ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը։ Դեսպան Մկրտչյանը շեշտել է նաև հունիսի 24-ին Հունաստանի Պատրա քաղաքում ստորագրված եռակողմ ձևաչափով համագործակցության հուշագրի կարևորությունը և դրանում ներառված դրույթների հետևողականորեն կյանքի կոչման անհրաժեշտությունը: 

Կիպրացի պաշտոնյան նշել է, որ երեք երկրները աշխարհի տարբեր անկյուններում ունեն բավականին գործուն ու ակտիվ համայնքներ՝ յուրաքանչուրը լիովին ինտեգրված իրենց բնակության երկրներում՝ կազմակերպված կառույցներով` հավելելով, որ չափազանց կարևոր է օգտագործել սփյուռքի առկա ներուժը ընդհանուր օրակարգերը ներկայացնելու, ընդհանուր նպատակները և շահերը կյանքի կոչելու գործում: 

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ ընդգծել է կիպրահայ համայնքի դերակատարությունը հայ-կիպրական հարաբերությունները խթանելու և դրանք էլ ավելի ամրապնդելու գործում: 

Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է հանդիպմանը ներկա Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի անգնահատելի դերակատարությունն ու ավանդը այդ հարցում: