««Հաց բերողն» մեկ անգամ արդեն գնացել է զոհաբերության և հիմա, երբ հայտարարել է հացադուլ, հնարավոր է, մինչև վերջ գնա». Ժաննա Ալեքսանյան

««Հաց բերողն» մեկ անգամ արդեն գնացել է զոհաբերության և հիմա, երբ հայտարարել է հացադուլ, հնարավոր է, մինչև վերջ գնա». Ժաննա Ալեքսանյան
««Հաց բերողն» մեկ անգամ արդեն գնացել է զոհաբերության և հիմա, երբ հայտարարել է հացադուլ, հնարավոր է, մինչև վերջ գնա». Ժաննա Ալեքսանյան

«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելով՝ իշխանությունները նախընտրական փուլում փորձում են իրենց համար առավել անվտանգ միջոցառումներ ձեռնարկել: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Ինչպես տեսնում ենք՝ խստացրել են փաստաբանների մուտքը քրեակատարողական հիմնարկներ, հատկապես «Սասնա ծռերի» անդամների մասով: Արթուր Սարգսյանը ևս «Սասնա ծռերի» համակիրն է, հաց է տարել նրանց, և նրան մեղադրում են օժանդակության մեջ: Այսպիսով, իշխանությունները որոշել են փակել նաև Արթուրին՝ այլ հետևանքներ չունենալու համար, որովհետև շատ հնարավոր է հետընտրական պրոցեսներ լինեն, իսկ Արթուր Սարգսյանը բավական սիրված է հանրության կողմից, հետևորդներ ունի»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Արթուր Սարգսյանն արդեն 17 օր է ի նշան իր կալանավորման դեմ բողոքի հացադուլ է հայտարարել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Փաստաբաններն ու նրան այցելած պատգամավորներն ահազանգում են, որ Սարգսյանի վիճակը վատ է, նա հյուծվում է, արյուն է  փսխում: Եվ չնայած այս ահազանգերին ու նրա մոտ մի շարք հիվանդությունների առկայությանը, «Հաց բերողը» շարունակում է կալանավորված մնալ:

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը կալանաքից ազատվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նրան ազատելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ փաստաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգել էին, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ինչը, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ: 

Այս տարվա փետրվարի 9-ին, սակայն, Արթուր Սարգսյանի նկատմամբ դարձյալ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 9-ին ձերբակալել էր Արթուր Սարգսյանին, նույն օրը դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Իսկ հիմքը այն էր, որ նա քննիչի պահանջով ժամանակին չի ներկայացել ՀՔԾ:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները որոշեցին նորից սրել այս հարցն ու կալանավորել Արթուր Սարգսյանին, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատասխանում է, որ շատ հնարավոր է՝ պատճառները քաղաքական են: Նա հիշեցնում է, որ խոսակցություններ էին շրջանառվում, թե Արթուր Սարգսյանին հրավիրել էին մասնակցել ընտրություններին՝ մաս կազմելով այս կամ այն դաշինքին:

«Եվ իշխանությունները վտանգ զգալով՝ փակել են հիվանդ մարդուն: Այն հիմնավորումը, որը բերել են, թե իբր քննիչի կանչով չի ներկայացել հարցաքննության, ուղղակի ծիծաղելի է: Ում ուզում են, նրան էլ փակում են և անունը դնում օրինականություն, պատիժն ու հաշվեհարդարը նրանք անվանում են օրինականություն»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Արթուր Սարգսյանին ազատ արձակելու շուրջ համախմբել են տարբեր գործիչներ ու պատգամավորներ, ովքեր ստորագրահավաք են անցկացնում: Նրա կալանքը փոխելու համար երաշխավորություն են պատրաստել պատգամավորները, որի տակ ստորագրել է 27 պատգամավորը և որը ներկայացվելու է Գլխավոր դատախազությանը:

Ժաննա Ալեքսյանն ասում է, որ հույս չկա, թե Գլխավոր դատախազությունը որևէ դրական քայլ կանի:

«Ես թերահավատ եմ: Մենք իշխանության կողմից մարդու նկատմամբ այնքան դաժանություններ ենք տեսել, որ չեմ հավատում, թե դա օգտակար կլինի: Գլխավոր դատախազը պետք է անի այն, ինչ իրեն կասի Սերժ Սարգսյանը: Իսկ կգտվի մարդկային Սերժ Սարգսյանը, ես վստահ չեմ»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այս փուլում հանրության շրջանում նման մոբիլիզացիա ենք նկատում, քանի որ հանրությունը գիտակցում է, որ Արթուր Սարգսյանը մեկ անգամ արդեն գնացել է զոհաբերության և հիմա, երբ ինքը հայտարարել է հացադուլ, շատ հնարավոր է, որ մինչև վերջ գնա: Իսկ սա վտանգավոր իրավիճակ է, լարվածությունը կարող է վատ հետևանք ունենալ:

«Կոչ կանեի, որ իշխանությունները վերադառնան օրինականության դաշտ, հիվանդ մարդուն ազատեն կալանքից, նա ի վիճակի չէ որևէ գործողության: Բայց համոզված եմ, որ իշխանությունը նաև կարող է անմարդակային վերաբերմունքով, իր քաղաքացու նկատմամբ ատելությամբ նրան հասցնել մահվան դուռը: Մարդիկ այսօր փաստացի հավաքվել են ու մտածում ոնց փրկեն Արթուր Սարգսյանին: Այսօր ամենակարևորը մարդու կյանքն է, ինչ անենք, որ նա այլ հայացքներ ունի»,- ասում է իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսյանն արձանագրում է, որ նմանօրինակ դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանի իրավական համակարգում փոփոխություն չի եղել: Ավելին, իշխանություններն անգամ չեն էլ մտածում փոփոխության մասին:

«Միայն մտածում են իշխանությունը պահելու մասին, թե այդ ընթացքում ովքեր կլինեն զոհերը, ինչ վիճակում կլինեն, դա կարևոր չէ»,- ասում է Ալեքսանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am