Փակ դահլիճում դիմակ չեմ կրել, սխալ եմ արել․ Արարատ Միրզոյան

Ուզում եմ բոլորիդ և մեր քաղաքացիների համար հայտարարել, որ սխալ եմ արել, սխալ եմ արել, որ դիմակ չեմ կրել, այսօր Ազգային ժողովում նիստերիմեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և հորդորեց գործընկերներին բոլորին նիստերի դահլիճում կրել դիմակ։

«Ես մտածել եմ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, փակ դահլիճում չեմ կրել դիմակ։ Բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ եմ արել», -հայտարարեց նա։

Ավելին Միրզոյանը տեղեկացրեց, որ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար նախազգուշական միջոցներ է կիրառելու պատգամավորների նկատմամբ։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդդիմացավ, ասաց, որ խոսելու ժամանակ հարմար չէ դիմակ կրելը և նկատեց, որ ԱԺ նախագահի կողմից պարետի որոշումը չկատարելու համար պատգամավորին պատասխանատվության ենթարկելը հակասահմանադրական է։

«Պարետի որոշումները կիրարկելու համար պատգամավորի նկատմամբ այդ նախզագուշական միջոցները գործի դնելը օրինական չէ։ Դուք չեք կարող։ Բոլորս կողմ ենք դիմակ կրելուն, փակ տարածքներում դիմակ ենք կրում, բայց խոսելու ժամանակ հնարավոր չէ», -հայտարարեց Մարուքյանը։

Ի պատասխան Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Հարցը ունի երկրորդ շերտը, երրորդ շերտը՝ քաղաքացիներին օրինակ ծառայելու, մեր հարազատների անվտանգության մասին մտածելու շերտը և այլն, և այլն։ Ես ուզում եմ վերահաստատել, որ ես կիրառելու եմ այդ նախազգուշական միջոցները, չեմ ամաչում խնդրում եմ բոլորիդ կրել դիմակ Ազգային ժողովի դահլիճում։ Սա ընդունեք որպես խնդրանք։ Նախազգուշական միջոցներկիրառվելու են և սա խնդրում եմ չդիտարկել որպես մարտահրավեր կամ համարձակությունների չափում միմյանց նկատմամբ»։