Հայտարարություն ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վերաբերյալ

Հայտարարություն ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վերաբերյալ
Հայտարարություն ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի վերաբերյալ

2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին: Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` «ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս» հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):

Նախաքննության նյութերը ներկայացվել են Հ. Խաչատրյանի իրավահաջորդի` Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին: Այսօր` 2012 թ. հուլիսի 23-ին, փաստաբան Մ. Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժին, որով բարձրացնում է մի շարք էական խնդիրներ, քանի որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից և գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնց մեղադրանք առաջադրելու համար առկա են բավարար ապացույցներ:

Նախաքննության ընթացքում Մինաս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Սակայն նախաքննության մարմինը նախաքննության ավարտից մեկ շաբաթ առաջ` 2012 թ. հուլիսի 12-ին, որոշում է կայացրել վերացնելու «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» մեղադրանքը` անտեսելով Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները:

Ըստ էության, նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրում է այնպիսի մեղադրանք, որը կարելի է գնահատել հովանավորչություն և քրեական գործի կոծկում:

Փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջում է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով, ինչպես նաև քննության առնել Հայկ Խաչատրյանի պարեկային ծառայության կարգի խախտմամբ պարեկային ծառայության նշանակած անձանց պարզելու և նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն ենթարկելու նպատակով: Քանի որ Հ. Խաչատրյանի մահվան հիմքով քրեական գործը չի մտել դատական փուլ, պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարից և ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանից օրենքով սահմանված իրենց գործառույթները լիարժեք իրականացնել, որպեսզի ապահովվի ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը:

Պարո՛ն նախարար և պարո՛ն զինդատախազ, այս պահին «դատարանը կպարզի» պատճառաբանությանը հղում անելու որևէ հիմք չկա, որովհետև այս պահին դո՛ւք եք պատասխանատու գործի պատշաճ քննության համար և մենք ահազանգում ենք աղաղակող ապօրինության մասին, որի չվերացման համար անմիջական պատասխանատվությունը կրում եք դո՛ւք:

Կից ներկայացվում է միջնորդության տեքստը.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

23 հուլիսի, 2012 թ.