Քրեական ենթամշակույթի համար ի՞նչն է պարարտ հող ստեղծում՝ ամենաթողությունը, հենց ամենաթողությունն էլ ստեղծել է այդ իրավիճակը. «Արաբո» ջոկատի հրամանատար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը

– Պարո՛ն Եղիազարյան, բանակում մահացության դեպքերը վերջին շրջանում ավելացել են, 40 օրվա ընթացքում խաղաղ պայմաններում 13 զոհ ունենք։ Ինչի՞ հետևանք է սա։ 

– Դա մեր կողմից ծուռ դրված պատի, կառույցի, որը դրվեց 1992 թվանից հետո, այդ ամբողջի արտացոլանքն է։ Այն ժամանակ էլ ասում էինք՝ պետք չէ կեղծել պատմությունը, ինքնախաբեությամբ զբաղվել, պետք չէ կեղծ մարդկանց փառաբանել, կեղծ ղեկավարներ, կեղծ ունևորներ սարքել։ 

Այդ ամենը բերեց նրան, որ մարդիկ արդեն հասկանում են, որ իրենց դիմաց գտնվող մարդիկ մեկը մյուսի հանդեպ վստահություն չունեն։ Ժողովուրդը վստահություն չունի, հասարակությունը վիրավորված է, հասկանո՞ւմ եք։ 

Բանակում այդ ամենն արտացոլվում է, որովհետև մարդիկ, չեմ ուզում ծանր բան ասել, բայց ոգևորված չեն գնում բանակ։ 

Հիշո՞ւմ եք՝ երբ ԽՍՀՄ ժամանակ մարդկանց բանակ էին ճանապարհում, մի ամբողջ օր քեֆ ու ուրախություն էին անում, հարևաններով հավաքվում էին, տղամարդուն ուղեկցում բանակ։ Իսկ հիմա մարդիկ ամեն ինչ անում են, որ իրենց երեխային բանակից ազատեն։

Գուցե պատճառն այն է, որ պատերազմական վիճակում գտնվող բանակ է, դրա՞ համար են խուսափում։

– Միայն դա չէ պատճառը։ Բանակ գնացող երեխան մտածում է՝ իր մայրն ու քույրը տանը ի՞նչ կերան, իր քույրը շոր ունի՞ հագնելու, թե՞ չէ։ Եվ այդ ամենը բերել է նրան, որ մարդիկ դարձել են ավելի դյուրագրգիռ, ավելի նյարդային, անկարգապահ։ Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, բանակը մեր հասարակության հայելին է։ Այնտեղ երևում է՝ ով ով է։

– Իսկ ի՞նչ պետք է անել այդ իրավիճակը շտկելու համար։

– Պետք է հրատապ ու շտապ կարգով քայլեր ձեռնարկել։ Նախկինում ԽՍՀՄ-ում կար նման բան, ստեղծում էին կոմիսարներ։ Ես չեմ ասում՝ հայկական բանակում կոմիսարներ ստեղծենք, հիմա մենք ուրիշ ձև ենք մտածում։ Պետք է քարոզչական, հայրենասիրական օղակներ ստեղծվեն, ուղարկվեն բանակ, այդ երիտասարդներին բացատրվի, որ անկախ ամեն ինչից բոլորն էլ վախճան ունեն, բոլորիս վերջն էլ գալու է, բայց հայրենիքը մենք պետք է պահպանենք։

– Ինչո՞ւ հեղափոխությունից հետո չփոխվեց այս վիճակը, ինչո՞ւ են շարունակվում ձեր թվարկած խնդիրները։

– Որովհետև հեղափոխությունը միանգամից արմատախիլ չարեց այն արատները, սարսափելի մեղքերը, որոնք եղել են։ Արմատախիլ չարվեց, այլ փորձեցին մի քիչ տեղաշարժել, փակել, ծածկել։ 

Իսկ այդ ամենը տարավ նրան, որ այսօր երիտասարդը գնում է բանակ, տեսնում է, որ իր զորամասում սպան անկարգապահ է կամ խախտում է օրենքը, ինքն էլ նույն ձևով խախտում է օրենքը։ Մեր զինվորը հասկանում է, որ գոյություն ունի անպատժելիություն։ Պատճառը դա է, որ մենք այսօր հասել ենք այս վիճակին, ցավալի է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ քրեական ենթամշակույթն է պատճառը, որ բանակում մահերը շարունակվում են։ Ընդհանրապես, քրեական ենթամշակույթն ի՞նչ դեր ունի այդ հարցում։

– Քրեական ենթամշակույթի համար ի՞նչն է պարարտ հող ստեղծում՝ ամենաթողությունը։ Հենց ամենաթողությունն էլ ստեղծել է այդ իրավիճակը։ Գուցեև քրեական ենթամշակույթն է պատճառը, ես դեմ չեմ, բայց այդ քրեական մշակույթն ինչպե՞ս է հայտնվում բանակում։ 

Ուրեմն բանակում դա կա, չէ՞, ուրեմն կա օջախը, որն էլ ստեղծում է այդ ամենը։ Ուրեմն մենք պետք է այնպես անենք, որ տվյալ սպան ու զինվորը իրար տեսնելիս զգան, որ մեկը մյուսի հանդեպ հարգանք ունեն, սեր կա՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության։ Եթե այդ հարգանքը չկա, ուրեմն անընդհատ այսպես է լինելու։ 

Հարկավոր է ավելի լուրջ վերաբերվել բանակին, շատ լուրջ, որովհետև բանակն այն կորիզն է, որի շուրջ ձևավորվում է բերքը։ Եթե այդ կորիզը չլինի, ես կարծում եմ, բերքը չի ձևավորվի։

Բարոյահոգեբանորեն պատրաստված զորքը մեր պայքարն էր։ «Արաբոյի» մի քանի հարյուր կամավորներ կային, ովքեր 5-6 տարվա ընթացքում ոչ մեկի ոտքին անգամ չեն կրակել։ Այդպես պետք է պատրաստվի զորքը, այդպես պետք է զինվորին դաստիարակեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am