Ոստիկանական վերաբերմունք-2

Գառնիկ Ավետյանի` որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվելու ցանկությանը ուղիղ երկու շաբաթ հստակորեն իրազեկ լինելուց հետո միայն, քննչական խմբի ղեկավարն իր մոտ է հրավիրել նրան` այդ գործողությունը վերջապես իրականացնելու նպատակով: Նա երեկ ուշ երեկոյան տվել է իր ցուցմունքը` իր փաստաբանների ներկայությամբ:

Սակայն մինչև բուն պրոցեսն իրականացնելը ստեղծված քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանը բազմաթիվ խոչնդոտներ է ստեղծել փաստաբանների և Գառնիկ Ավետյանի համար: Քննչական գլխավոր վարչության մուտքի մոտ վերջիններս ստիպված են եղել սպասել` նշանակված ժամին չի ընդունել, չի պատասխանել հեռախոսազանգերին` բացարձակապես հաշվի չառնելով տուժողի հոր վիշտն ու հոգեբանական ծանր վիճակը, չնայած որ քննիչն ինքն էր հրավիրել նրան:

Գառնիկ Ավետյանի հոգեբանական վիճակը քննիչ Մկրտչյանին հետաքրքրել է իր աշխատասենյակում, երբ վերջինիս ավելի քան երկու ժամ համոզել և “բացատրական աշխատանքներ” է տարել ցուցմունք տալը հետաձգելու անհրաժեշտության մասին` պատճառաբանելով, թե տուժողի հայրն դեռևս համապատասխան հոգեբանական վիճակում չէ:

Ի դեպ այս ամբողջ ընթացքում, շուրջ երկու ժամ, փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը ստիպված են եղել սպասել դրսում, քանի որ նրանց թույլ չի տրվել իրենց վստահորդի հետ մտնել ներս: Նրանք ներս են հրավիրվել միայն այն բանից հետո, երբ Գառնիկ Ավետյանը պնդել և հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի իր ներկայացուցիչները ներգրավվեն արագ և որ ինքը պատրաստ է անմիջապես ցուցմունք տալ:Կարդալ ավելին