Տարոն Մարգարյան. Հակահեղափոխականների «ասպետը»

Տարոն Մարգարյան. Հակահեղափոխականների «ասպետը»
Տարոն Մարգարյան. Հակահեղափոխականների «ասպետը»

Մյասնիկյանի արձանի հարակից այգու տարածքի ոչնչացումը կարծես թե մութ պատմություն է: Ավագանու բոլոր խմբակցություններն էլ կողմ են քվեարկել, որ այգին բարեկարգվի: Արդյունքն այն է, ինչ տեսնում ենք այսօր՝ ծառերի սպանդ: Քաղաքապետարանն ասում է, որ հատվել են չոր և հիվանդ ծառեր: Բայց 21-րդ դարում ո՞վ է հավատում հանրապետական քաղաքապետին: Ահա և ինչ-որ մարդիկ չեն հավատացել: Նրանք քաղաքապետարան էին բերել հատված ծառերի միանգամայն առողջ ճյուղեր:

Փորձե՞նք հասկանալ Տարոն Մարգարյանին: Փորձենք: Բայց միայն այն դեպքում, եթե նա ոչնչացրած լիներ իր տան, նույնիսկ՝ ոչ այգու, ծաղիկները: Մարդն ինքը տնկել է, ինքն էլ ոչնչացնում է: Եվ դա կարող էր բացատրել բնակարանում թթվածնի ավելցուկով: Մի խոսքով, մի խումբ բնապահպաններ Տարոն Մարգարյանին չեն հավատացել:

Միայն վերջինիս հանրապետական լինելը հերիք է, որ նրա նույնիսկ լավ արարքի հետևում ինչ-որ չարիք տեսնես: Բնապահպանները գտել են այդ չարիքը: Տեղի է ունեցել թթվածնի ավելցուկով աչքի չընկնող մայրաքաղաքի մի հատվածի բնության ոչնչացում: Հանուն, ըստ նախագծի, նոր բնության: Տարոն Մարգարյանը բարեկարգումների երկրպագու է: Ցանկացած ծառ և թուփ պարտավոր է փախչել այս մարդու բարեկարգումների մոլուցքից: Հարցն այն է, թե ինչպե՛ս:

Ոչ մի ծառ և թուփ չի կարող իրեն պաշտպանել այլ ծառերով և թփերով: Բնությունը թիկնազոր չունի: Բնությունը չունի ճղճղան պաշտպաններ, որոնք կարող են բղավել՝ թխկին մեր հմայքն է, լացող ուռենին մեր անհոգությունն է: Երբ էլեկտրական սղոցով հարձակվում ես ծառի վրա, ծառը պատասխան էլեկտրական սղոց չի հանի ու ասի՝ հլը փորձիր:

Եթե Տարոն Մարգարյանն ունի «տեսլականներ», թխկին և լացող ուռենին կորած են: Բայց Տարոն Մարգարյանը երեկ ծառերի սպանդի փաստով բորբոքված և քաղաքապետարան ներխուժած (հեղափոխության իներցիա) քաղաքացիներին տեսնելու և եղածի համար հաշիվ տալու համարձակություն չուներ:

Փոխարենը ինչ-որ մարդիկ էին մտել քաղաքապետարան և գոռում էին՝ Տարոնը մեր քաղաքապետն է: Էլի ձերն է:

Պետք է ասեմ, որ իր ամբողջ անգրագիտությամբ և ոչ լեգիտիմությամբ հանդերձ, մերն էլ էր: Դուք գուցե լիազորել եք, որ ինքնապաշտպանության ոչ մի միջոց չունեցող ծառը պետք է ոչնչացվի Տարոն Մարգարյանի բիզնես նպատակներին: Բնապահպանները չեն լիազորել: Քաղաքապետը գերազանց գիտեր, թե ի՛նչ աղմուկ է բարձրանում, երբ թեկուզ մեկ ծառ են հատում այս քաղաքում:

«Տարոնը մեր քաղաքապետն է» բղավող մարդիկ չեն ասում, որ էդ մարդն ազգօգուտ գործ է արել, որ ծառ վերացնելը ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով և ՀՀ օրենսդրությամբ ընդունելի արարք է, որ «մի այգի ավել, մի այգի պակաս»-ը սիրո և համերաշխության հեղափոխության դրույթներից է, որ, ի վերջո, ա՛յ բնապահպաններ, ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել մի 25 անլեզու բույսի համար:

Նրանք ուղղակի բղավում են՝ Տարոնը մեր քաղաքապետն է: Այդպես է միշտ՝ երբ լոզունգը մտնում է մարդամեջ, միտքը պետք է կապիտուլացվի, լոզունգը խուլ է ցանկացած փաստարկի և ողբերգության առջև: Լոզունգը օրենքից և թթվածնից դուրս մի հակաբնական աղետ է, «Աստծո գործերն անքննելի են» արտահայտության նման մի բան, որը բացառում է ինչ-որ բան հասկանալ փորձելը:

Լոզունգը փաստարկներից ոչ մեկի կողմից չէ, նա գալիս է, որ սրբի ընկալելին և նույնիսկ անընկալելին: Տարոնի մարդիկ հակահեղափոխությունն են, որոնք պետության մեջ էդ մարդուն «սիրելուց» բացի քաղաքակրթական այլ դեր չունեն, նրանք եկել են իրենց «սերը» հակադրելու սիրո և համերաշխության այն միջավայրին, որը լինելու է ծառի բողոքի ձայնը և պատասխան էլեկտրական սղոցը: Այսինքն` ծառի ասպետը:

Մհեր Արշակյան

MediaLab.am