Հայաստանը պիտի օգուտ քաղի ուրիշների սխալներից. Քննարկումներ` իրավիճակի շուրջ

Հայաստանը պիտի օգուտ քաղի ուրիշների սխալներից. Քննարկումներ` իրավիճակի շուրջ
Հայաստանը պիտի օգուտ քաղի ուրիշների սխալներից. Քննարկումներ` իրավիճակի շուրջ

 «Հայաստանի հաջողությունները արտաքին քաղաքականությունում հիմնված են ուրիշների` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թույլ տրված սխալների վրա և հիմնական ուղղությունները պետք է լինեն այդ սխալներից օգուտ քաղելը»,-այս մասին նշեց քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանն երեկ՝ «Արդյոք Հայաստանն ինքնուրո՞ւյն է արտաքին քաղաքական որոշումներում» թեմայով քննարկմանը:

Գիրագոսյանի կարծիքով` մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության բանաձևին Հայաստանի «դեմ» քվերակությունը սխալ էր, «սակայն այդ սխալի համար Հայաստանը մեծ գին չի վճարել և պարտադիր էլ չէ, որ վճարի, քանի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ են կիրառվում»:
 
Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է՝ ՄԱԿ-ում այդպիսի քվերակությունը ինքնուրույն որոշում էր. «Այդ որոշումը կայացնելիս Հայաստանը հաշվի է առել արտաքին ուժերը, դրանց ազդեցությունը և չափսերը: Այլ կերպ համաշխարհային քաղաքականությունում չի լինում: Ոչ մի երկիր, նույնիսկ ԱՄՆ-ն, առանց իրավիճակը գնահատելու որոշում չի կայացնում»:
 
Ռիչարդ Գիրագոսյանի գնահատմամբ՝ վերջին 4 տարիներին ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը մեկն է` սեպտեմբերի 3-ը, «երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման հետ պայմանագիրը ստորագրել»:
 
Ալեքսանդր Իսկանդարյանն էլ հակադարձեց. «Սեպտեմբերի 3-ը Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումը չէր, քանի որ այդ որոշումը կայացվել է Հայաստանից դուրս և Հայաստանը չէր կարող խուսափել այս որոշումից, քանի որ այլընտրանք չկար»:
 
Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին` Ռիչարդ Գիրագոսյանը նշեց, որ ՌԴ-ն այս հարցում ազդեցություն չի ունեցել. «Այդ որոշումը կայացվել է երկու Սարգսյանների կողմից` նախագահի և վարչապետի»:  Գիրագոսյանը նաև հավելեց, որ եթե «Ազգային ժողովի նախագահը զբաղեցնի վարչապետի պաշտոնը, դա կլինի մեծ պարտություն և նահանջ Հայաստանի ժողովրդավարացման և զարգացման առումով»:
 
Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է, որ վարչապետի հրաժարականի վրա դրսից որևէ ուժ չի ազդել. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքականության մեջ` միայն ներքին հարցեր են»: Քաղաքագետը չի կարծում, որ վարչապետի հրաժարականից հետո հեղափոխական փոփոխություններ կլինեն, «սակայն ասել, որ փոփոխություններ ընդհանրապես չեն լինի, սխալ է»:
 
Անդրադառնալով Սիրիայի խնդրին՝ Կովկասի ինստիտուտի ղեկավարը նշեց. «Սիրիան Ռուսաստանի հաջողություններից մեկն է և նա փորձում է կրկին այդ խաղաքարտը խաղարկել Քեսաբի հարցում»:
 
Ռիչարդ Գիրագոսյանն էլ հավելեց, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ այլ պետությունները չեն մտածում Քեսաբի հայության մասին: «Այս ամենն արվում է Ռուսաստանի շահերի պաշտպանության և Թուրքիայի դիրքերի խարխլման համար: Մենք խոցելի ենք այս առումով, այդ պատճառով պետք է զուսպ արձագանքել: Փորձ արվեց Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները նմանեցնել Ցեղասպանությանը, սակայն սա միայն կթուլացնի ցեղասպանության փաստը միջազգային հանրության աչքում»:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=DRoXdvIvJlU