Արեւմտյան աղբյուրների պնդմամբ` առաջիկա 24 ժամերը կարող են որոշիչ լինել թե՛ Հալեպի եւ թե՛ ողջ Սիրիայի համար:
Ապստամբներն ու կառավարական ուժերը արդեն մի քանի ժամ է ինչ լուրջ ուժեր են կենտրոնացնում քաղաքում` վերջնական, որոշիչ ճակատամարտից առաջ:
Երկու կողմերն էլ հույս ունեն, որ Հալեպի համար մղվող մարտերում արձանագրված հաջողությունը կարող է շրջադարձային դառնալ ողջ պատերազմի ընթացքում:
Միացյալ Նահանգների իշխանություններն արդեն իսկ զգուշացնում են, որ ավելի քան 2 միլիոն բնակչություն ունեցող Հալեպը կանգնած է լայնամասշտաբ արյունահեղության եզրին:
«Մենք մտավախություն ունենք, որ Հալեպում կարող է իսկական կոտորած սկսվել: Վստահելի աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարական տանկերի շարասյուններ են տեղակայված Հալեպի մերձակայքում` պատրաստ գրոհել քաղաքը: Բացի այդ, անցած ժամերին կառավարական ուժերը Հալեպում շարունակում էին ռազմական օդուժ կիրառել», – նշել է Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը անցած գիշեր Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Այսօր առավոտյան կողմ Հալեպում համեմատական հանդարտություն էր տիրում, միայն պարբերաբար քաղաքի մի շարք հատվածներում գնդացիրների եւ ավտոմատների կրակահերթեր էին լսվում:
Լայնածավալ հարձակման սպասելիքների ֆոնին միջագային հանրության համար առաջին պլան է մղվում Հալեպի քաղաքացիական բնակչության ճակատագիրը:Կարդալ ավելին