Սկսվում է Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման գործընթացը․ Արման Բաբաջանյան

Հեղինակ MediaLab

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այո, Հրայր Թովմասյանը շան տղա է, բայց մեր շան տղան է, ու մենք, միայն մենք կարող ենք ու պետք է նրա հարցերը լուծենք

Առաջիկայում Ազգային ժողովը չափազանց կարևոր քննարկումների շրջափուլի մեջ է մտնելու: Դրանք չեմ չափազանցնի մեր երկրի համար ունենալու են բախտորոշ նշանակություն: Սկսվում է Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման գործընթացը:

Շահագրգիռ կողմերին ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ մեր այդ քննարկումներում բառացիորեն վճռվելու է Հայաստանի ինքնիշխանության հարցը, մի հարց, թե հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց որքանով ենք ընդունակ անհատապես և հավաքականորեն պաշտպանել մեր երկրի պետականությունը։

Սահմանադրական դատարանի ճգնաժամը մենք կարող էինք հանգուցալուծել անցյալ տարի։ Խնդրի ամբողջ բարդությունն ամբողջությամբ չգիտակցելու և այսօրվա այս ծայրահեղ ճգնաժամային վիճակին հասցնելու ամբողջ պատասխանատվությունը քաղաքական իշխանությանն է։

Ինչևէ, լավ կամ վատ, սա Հայաստանի դատարանն է, և որևէ արտաքին ներգործություն, այդ թվում մեզ համար խիստ շահեկան, մեր դատարանի վրա, ուղղակի ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Որևէ՝ միջազգային ամենաանմեղ կառույցի, ժողովրդավարություն ու օրենքի գերակայություն հռչակած որևէ հանձնաժողով ու կազմակերպություն չի կարող և իրավունք չունի ներազդել Հայաստանի Սահմանադրական դատարանի վրա, որի առհասարակ դատարան լինելը ճանաչել է իշխող մեծամասնությունը կրկին կամա-ակամա տուրք տալով լեգալիստական ֆորմալիզմին և ոչ թե պետականության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու հեղափոխության հռչակած նպատակադրումից բխեցնելով:

Այո, Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս վեց անդամները ժողովրդավարական Հայաստանի և կամ Հայաստանի ժողովրդավարացման հակառակորդներն են, նրանք անհատապես և միասին չեն կարող պաշտպանել Հայաստանի սահմանադրական անվտանգությունը, բայց նրանք Հայաստանի Սահմանադրական դատարանն են և այդ դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հիմնարար լուծման պարտականությունը և՛ նախկինում և՛ հիմա բացառապես առաջնային մանդատ կրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընկալունակության և անհապաղ ձեռնարկելիք քայլերի տիրույթում է։ Հայաստանի Ազգային ժողովի թիվ մեկ գործառույթը ժողովրդավարության պշտպանությունն է, բոլոր երևելի ու աներևույթ ոտնձգություններից:

Արտաքին որևէ միջամտություն՝ արևմուտքից կամ Ռուսաստանից հավասարապես անթույլատրելի ու դատապարտելի է, ու նրանք ովքեր դա չեն հասկացել/հասկանում կամա-ակամա մեր պետության դավաճաններն են։

Սահմանադրական դատարանի վերոնշյալ կազմի, և առանձին-առանձին անդամների վերաբերյալ ամիսներ առաջ հնչած գնահատականները մնում են նույնը՝ այդ խմբակը սպառնալիք է Հայաստանի պետականությանն ու ժողովրդավարական ապագային։ Ոչինչ չի փոխվել։ Պետք է նրանք հեռանան ու այդ հեռացումը պետք է իրականացվի իրավական մեխանիզմներով՝ բացառապես ՀՀ Ազգային ժողովի կողմից։

Մենք չենք կարող սույն հարցը, որևէ պարագայում քննարկելի դարձնել այս դատարանի կողմից։ Դրանով մեծագույն քաղաքան և քաղաքացիական արհավիրքների սկիզբ կդնենք: Առկա ահռելի ռիսկերը չգնահատելով և մեր սուվերեն ռիսկերի հաղթահարումը այլոց՝ մեզ համար նույնիսկ ամենաշահեկան ելքը երաշխավորող կողմին վստահելու պարագայում, հանցագործություն գործած կլինենք ժողովրդավարական Հայաստանի, Հայաստանի ապագայի և պետականության նկատմամբ։ Այդ դատարանի գոյությունը ապրիլի 5-ին չեղարկված հանրաքվեից հետո սոսկ համավարակի հետևանք է,և մեր քննարկումները պետք է սկսել այդ կետից:

Արդ, առաջարկում եմ, որ մոտ ապագայում սկսվող քննարկումներում մնանք Հայաստանի ինքնիշխանության, պետականության և իրավականության շրջանակում՝ հանուն Հայաստանի ժողովրդավարացման, հանուն հանրապետության:

Այո, Հրայր Թովմասյանը շան տղա է, բայց մեր շան տղան է, ու մենք, միայն մենք կարող ենք ու պետք է նրա հարցերը…

Gepostet von Arman Babajanyan am Freitag, 29. Mai 2020