Պետության քաղցկեղն ու օլիգարխիայի գենը

Պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով հայտարարում է, թե ՀԴՄ կտրոնների ներկրումը պետք էր մենաշնորհ անել եւ դրա համար էլ արել են, եւ ով փաստացի չի հերքում, որ մենատեր այդ ներկրող ընկերությունը պատկանում է իրեն, շարունակում է անմռունչ պաշտոնավարել: ՊԵԿ նախագահի հայտարարությանը չի արձագանքել որեւէ առաջին դեմք, որեւէ մեկը նրանցից, որ հայտարարում են երկրում օլիգոպոլիաների, մոնոպոլիաների, «ատկատների» դեմ պայքարի, «խոշորներին գլխից բռնելու» մասին:

Քար լռություն է: Բոլորը զբաղված են Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business զեկույցում Հայաստանի աննախադեպ առաջընթաց վայելելով: Եվ ոչ ոք չի էլ փորձում հասկանալ, թե ինչու զեկույցներում առաջադիմություն արձանագրող Հայաստանն իրական կյանքում ոչ մի առաջընթաց էլ չի արձանագրում: Բոլորը գիտեն, թե ինչու: Ամենից լավ իհարկե իշխանությունը գիտե: Հայաստանն իրական կյանքում չի առաջադիմում, որովհետեւ իշխանությունը հետամուտ չէ սահմանադրական եւ օրենսդրական նորմերի համահավասար կիրառմանը:

Հայաստանում իշխանությունը շարունակում է պատկանել քրեաօլիգարխիկ սեգմենտին, եւ հարցերն էլ շարունակվում են լուծվել այդ շրջանակում` ոչ թե Սահմանադրությամբ կամ օրենքով: Երբեմն դրանք կարող են համընկնել Սահմանադրության կամ օրենքի պահանջի հետ, բայց դա կրում է ժամանակավոր բնույթ: Հարատեւն այն է, ինչի մասին խոսում է ՊԵԿ նախագահը` «այդպես էր պետք, այդպես արեցինք»:

Դրանից հետո պարզ հարց է առաջանում` եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի առաջադիմության զեկույցը լիովին համապատասխանում է իրականությանը, բացարձակ ճշմարտություն է, միեւնույն է, դրանից ի՞նչ օգուտ, եթե երկրում որեւէ հետընթաց չի ապրում բիզնեսի եւ իշխանության սերտաճումը, եւ իշխանական լծակները ծառայում են իշխանության ներկայացուցիչների բիզնես շահերի պաշտպանմանն ընդդեմ «տեր չունեցող» գործարար շրջանակների: Կարդալ ավելին