ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր վերահաստատեց, որ դեռ օգոստոսին ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցելու որոշում է ընդունել: Առաջիկա նախագահական ընտրություններում կսատարե՞ն ԲՀԿ թեկնածուին, պարոն Մանուկյանն այդպես էլ չհստակեցրեց:
«Որոշումը եղել է ու գործունեության մեջ է: Այդ ֆորմատը համարում եմ աշխատող… Որեւէ կոմպլեքս չունեմ, քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցելու: Թեկնածուն ածանցյալն է: Մենք ունենք հզոր թեկնածու՝ բոլոր մարտահրավերների դեմ առնելու, թեկնածուի դեֆիցիտ չունենք: Յուրաքանչյուր կուսակցություն կանի իր առաջարկները, հետո քննարկումների դաշտում կտեսնենք, ինչպես կստացվի»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Մանուկյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը համագործակցում ԲՀԿ-ի հետ, որին 2008-ի մարտի 1-ի կազմակերպման մեղավորներից էր համարում, պարոն Մանուկյանը պատասխանեց.«Ես գնահատում եմ ԲՀԿ-ի ինքնուրույն որոշումները՝ կոալիցիայից դուրս գալու եւ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու գործում: Ձեր ասած մեղադրանքը կարող է լինել նաեւ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-նկատմամբ: Ես ընդունում եմ նրանց դիրքորոշումը հակաիշխանական կոալիցիա ձեւավորելու համար, եթե ԲՀԿ-ն ունի որոշակի ձայներ եւ հայտարարում է հակաիշխանական կոալիցիա, ես ողջունում եմ: Նույն վերաբերմունքն ունեմ այլ քաղաքական ուժերի հետ, որոնք գտնում են, որ Հայաստանում կա սպառման, մսխման, վերացման վտանգ եւ ուզում են այս խնդիրը լուծել, դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, ես ողջունում եմ: Այսօր ԲՀԿ-ն ունի 36 մանդատ Աժ-ում, երբ ուզում եմ մարտի 1-ի բանաձեւն անցկացնեմ ու նրանք կողմ են քվեարկում, ես դա համարում եմ համագործակցություն: ԵԹԵ ՀՀԿ-ից որեւէ քաղաքական ուժ դուրս կգա իշխանափոխության պլատֆորմ եւ Սերժ Սարգսյանի հեռացման հարց կդնի, ես դա կհամարեմ նորմալ երեւույթ»: