«Էրդողանը բացարձակապես անկեղծ չէ, Աստված մի արասցե՝ սահմանները հիմա բացվեն». Ստամբուլահայ խմբագիր

Լուսանկարը՝ «Ազատություն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

– Պարո՛ն Էստուկյան, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի հետ, որ Հայաստանը պետք է խելքի գա։ Որքանո՞վ է անկեղծ Էրդողանն իր հայտարարություններում։

– Աստված մի արասցե, որ բացի, ես այս հանգրվանին երբեք չպետք է ցանկանամ, որ այդ սահմանները բացվեն։ Այդ որոշումը եթե ավելի վաղ կայացրած լինեին, այս պատերազմը չպետք է ապրեինք, բայց Թուրքիայի իշխանությունները միտումնավոր գնացին այս քայլին, այնպես արեցին, որ Հայաստանի համար ամեն ինչ փակվի։ Այս հանգրվանին արդեն ուրախ չեմ նման հայտարարություններից, նա բացարձակապես անկեղծ չէ։

– Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Ցավոք, պատերազմի ավարտից հետո շատ դաժան հռետորաբանություն է Էրդողանը որդեգրել։

Այս քայլով նա աշխարհին ուզում է հայտնել, որ այս պատերազմին դրդողը հայատյացությունը չէ, այլ հակառակորդ կողմի գրավյալ տարածքների ազատագրումը, որովհետև պատերազմի ժամանակ թե՛ իր որդեգրած քաղաքականությունը, մասնավորապես, վարձկանների տեղափոխման երևույթը երկար ժամանակ որպես մեղադրանք Եվրոպայի կողմից դեռ իր վրա պետք է մնա։

Եվ այս հայտարարությունը ոչ թե զորակցության համար է, այլ Թուրքիային դժվարության մատնելու: Գիտենք, որ եվրոպական երկրները խնդիր ունեն Թուրքիայի կառավարության հետ և այդ խնդրին ի նպաստ սա պետք է շահագործեն, և հիմա Էրդողանը ստիպված է ուրիշ կերպ ներկայացնելու, թե իբր հայատյացության հետևանք չէ կատարվածը։

– Հայ-թրքական հարաբերությունների զարգացման հեռանկար տեսնո՞ւմ եք արդյոք։

Ո՛չ, որովհետև այդ երկու երկրները արդեն ունեն պատմական շատ լուրջ տարակարծություն իրար դեմ, իրար դեմ պատմությունից եկած թշնամություն, և վերջին զարգացումներն այդ թշնամությունն էլ ավելի խորացրին:

Այստեղ մեզ համար ամենահետաքրքրական երևույթն այն է, թե որպես երկիր Թուրքիան, որպես մշակույթ, թրքական կոչված երաժշտությունը, խոհանոցը, առօրյա կենցաղը, սովորույթները՝ բոլորը մեզ հոգեհարազատ են։

Հայերն աշխարհի բոլոր երկրներից ավելի Թուրքիայի հետ պետք է կարողանային լավ հարաբերություններ ունենալ, բայց Թուրքիայի քաղաքական մտայնությունը, որ ցեղասպանության հիման վրա երկիր է կառուցել, վերջին 100 տարվա ընթացքում մերժեց այդ իրողությունը, և համապատասխան կերպով հայ քաղաքական միտքն էլ փոխադարձեց նույն այլամերժությամբ։

Սա երկու կողմի հասարակության համար էլ շատ ծանր կորուստ է, որը էապես չենք գիտակցել դեռ երկկողմանի կերպով։

– Ինչպիսի՞ն է Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը հայերի հանդեպ։

Նախ ասեմ, որ Թուրքիայի իշխանությունների որդեգրած ռազմավարությունը անջատողականությունն է հայերի մեջ, կսիրեն մեզ՝ Թուքիայի հպատակ հայերիս, Հայաստանի Հանրապետության բնակչությունը և սփյուռքահայությունը իրարից տարբեր կառույցներ են։

Ճիշտ է, որ այդ կառույցները ունեն իրենց հատուկ հատկությունները և ակնկալությունները, բայց բոլորն էլ նույն ծառի ճյուղերն են։ Ուրեմն այս կողմի ճյուղը լավ չէ՝ հատենք, մյուս կողմի ճյուղը երկար է՝ կարճացնենք, ուղղակիորեն ծառը վնասելու փորձ է։

– Ի՞նչ վիճակ էր պատերազմի օրերին այդտեղ, արդյոք ձեր անվտանգության հետ կապված խնդիրներ կայի՞ն։

– Ո՛չ, չկային, մի քանի ազգայնամոլ ցույցեր եղան, որ մտահոգություն պատճառեցին, միայն այդքանը։ Անվտանգ է այստեղ, թեև ես կարող եմ ասել, որ այդ վտանգը միշտ առկա է Թուրքիայի մեջ։

– Պոլսո Հայոց պատրիարքությունը պատերազմի օրերին որևէ դատապարտող հայտարարություն արե՞լ է։

– Պատերազմի առաջին օրերին միայն կոչեր արեց ու վերջ, այդքանը միայն։

Մանե Հարությունյան

MediaLab.am