ԱԺ նախագահը զուտ իրավական է համարում Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թիմակիցներին ու աջակիներին առաջարկում է քաղաքական գործընթացները չխառնել Ծառուկյանի առնչությամբ քրեական գործի շրջանակներում ընթացող իրավական գործընթացների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ընթացքում:

«Շատ ծանր արարք կամ այդպիսի արարքի մասնակցություն է մեղսագրվում մի մարդու, որը կուսակցության ղեկավար է, և շատ հեշտ է ընկնել ծուղակն ու քաղաքականացնել իրավական գործընթացը: Իմ առաջարկն է տարանջատել քաղաքական հատվածը հարցի ու իրավական հատվածը: Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի ու «Բարգավաճ Հայաստան»-ի մասին ունենք մեր գնահատականները, որոնք տալուց այս փուլում զերծ պետք է մնամ, որպեսզի որևէ դիրքորոշման արտահայտում չմեկնաբանվի, որպես քաղաքական ուղղորդում իրավապահ համակարգին»,- ասաց Միրզոյանը: