«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը
– Պարո՛ն Սուքիասյան, Սերժ Սարգսյանը ունվարի 28-ին այցելել էր Սարդարապատ և այնտեղից ազդարարել է, որ հանգամանալից խոսելու է: Ինչ եք կարծում՝ ո՞րն է լինելու երրորդ նախագահի ասելիքը։
– Այդ մարդիկ երբ ուզեցել են ինչ-որ բան խոսել, իրենց ապագա ելույթի շուրջ ստեղծել են խորհրդավորություն, բայց ասուլիսներից հետո տեսնում ես, որ տակը ոչինչ չկար՝ ո՛չ պետության զարգացման մասին խոսք կա, ո՛չ բանակի արդիականացման, ո՛չ տնտեսության զարգացման մասին, միայն գործող իշխանությանը քննադատում, վերջացնում են։
Վայրի ընտրության մասով․ հիմա նա Հայաստանի թուլացած մարմնի վրա ուժ ու հերոսականություն է ուզում ցույց տալ, բայց լավ կլինի, որ իրենք մեր ժողովրդին բացատրեն, թե ինչո՞ւ են բոլոր ժամանակներում Սարդարապատի հուշով ապրող այդ նախագահները միշտ բանակցել, որ յոթ շրջաններ պիտի հանձնեն, ինչո՞ւ է Հայաստանի բանակում կոռուպցիա եղել, ինչո՞ւ բանակում գեներալիտետի մի հատվածը կապ չունի այդ պաշտոնի հետ, ինչո՞ւ է եղել անիրավված պետություն, ու այդ անարդարությա հիմքի վրա ինչո՞ւ եղավ հեղափոխություն։ Թող նրանք դրա մասին խոսեն, իսկ մնացածը սոփեստություն, բացարձակ դեմագոգիա է, նրանց արածի տակ բովանդակություն չկա։
– Կարծում եք՝ Սերժ Սարգսյանի առաջիկա ասելիքում, ինչ ձևաչափով էլ լինի, նորություն չի՞ լինելու։
– Դա լինելու է հերթական տափակությունը, ինչ իրենք անում են։ Ես այդ մարդկանց խոսքում, որոնք իրենց ընդդիմություն են համարում, երբևէ չեմ լսել իրավիճակից դուրս գալու լուծումների առաջարկներ, բացարձակ ոչ մի լուծում չեն առաջարկում, տափակ-տափակ բաներ են խոսւմ։
– Նրանց առաջարկը իշխանության հեռացումն է, դա իրավիճակից դուրս գալու լուծում չե՞ք համարում, պարո՛ն Սուքիասյան։
– Չէ՛, ինձ համար դա խնդրի լուծում չէ, եթե այդպես է՝ ինձ համար էլ խնդրի լուծում է նրանց չգոյությունը, որպեսզի նրանք քաղաքական դաշտում չերևան։ Այս իշխանությունը չի հեռանալու, եղել է ընտրություն, ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, լավ է, թե վատ՝ հարցի մյուս կողմն է։
Հայաստանում տարածված է պահանջել իշխանության հրաժարականը, իսկ ո՞վ ասաց, որ ընդդիմության հրաժարական չի կարելի պահանջել։ Ես կարծում եմ, որ այս ընդդիմությունը լավ չի աշխատում ու պետք է հրաժարական տա։
Նրանք ևս իշխանություն են, խորհրդարանում ոչ իշխանական ուժ չկա, ով գտնվում է խորհրդարանում՝ իշխանություն է, պարզապես մի մասը իշխող է, մյուսը՝ իշխողին հակադրվող, բայց բոլորն էլ իշխանություն են․ իշխանական լծակներ չունե՞ն, անձեռնմխելիություն չունե՞ն, պադավատներ չունե՞ն, քվեարկելու իրավունք չունե՞ն, պետական բյուջեից չե՞ն օգտվում, գնում դրսերը Հայաստանի դեմ քվեարկում, հետ են գալիս։ Դա իշխանական մարմին է, հետևաբար, ես էլ պահանջում եմ, որ իշխանության այդ հատվածը հրաժարական տա։
– Խորհրդարանական ընդդիմությունից ի՞նչ աշխատանքներ եք ակնկալում, որ ներկայիս աշխատանքներից գոհ չեք։
– Ընդդիմությունից պահանջում եմ նորմալ խորհրդարանական աշխատանք, ոչ այն այլանդակությունը, որը կա՝ անընդհատ դեմագոգիա, անընդհատ կռվի հրահրում։ Պետության զարգացման վերաբերյալ որևէ քննարկում չկա, օրինակ՝ ժամանակին Հնդկաստանը, Իրանը հետաքրքրություն ցուցաբերեցին Մեղրիի նկատմամբ, տեսե՞լ եք մի անգամ այդ մասով ընդդիմությունը քննարկում կազմակերպի, արտաքին գործերի նախարարին հրավիրի, քննարկեն հարցը։
– Դե, ընդդիմությունն ասում է, որ հիմա մեր անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրներ կան, ու այդ համատեքստում նման հարցերը երկրորդական են դառնում։
– Դա միշտ է լինելու, դա հայության համար մշտական հարց է, հիմա ի՞նչ՝ իշխանությունը կամ ընդդիմությունը այդ հարցը գրկելու է ու պետություն չզարգացնի՞։ Պետությունը պետք է ներսից կարգի գա, իսկ իրենք սաբոտաժի են ենթարկում պետության քաղաքական կյանքը։
– Պարո՛ն Սուքիասյան, իսկ խորհրդարանական մեծամասնության աշխատանքից գո՞հ եք։
– Իշխանությունը շատ բաներ որ խոստացել է, օրինակ՝ իրավական պետություն, ՀՀ սահմանադրական կարգի վերականգնում, արդարադատության համակարգ և այլն, չի արել կամ արել է կիսատ-պռատ։ Ի վերջո, իշխանությունը պետք է ասի՝ մեր տնտեսության զարգացումն ինչպե՞ս է պատկերացնում, եթե էլի հիմնվելու են ներկրման վրա, այդ իշխանությունն ո՞ւմ է պետք։
Բանակի վերականգնման մասին են խոսում, ինչպե՞ս են ուզում դա անել։ Եվ ընդհանրապես, հեղափոխությունը պահանջներ է ունեցել․ ինչո՞ւ է Հայաստանում ամեն տեղ անարդարության ճիչ լսվում, ինչո՞ւ են այն մարդիկ, որոնց դուք մեղադրում եք կոռուպցիայի ու թալանի համար, ազատության ու քաղաքականության մեջ։
– Ձեր խոսքի սկզբում ասացիք, որ Սերժ Սարգսյանը թուլացած Հայաստանի վրա ուժ ու հերոսականություն է փորձում ցույց տալ, ի՞նչ նպատակով է դա անում նախկին նախագահը՝ նորից իշխանության գալո՞ւ, թե՞ այլ։
– Նպատակը նորից իշխանության գալն է, դա ռևանշիզմի մոլուցքով տառապող հատված է ու վերջ, դա հատված է, որի նպատակն է Հայաստանի քաղաքական կյանքն այլասերել ու փչացնել։
– Իսկ շանսեր ունե՞ն նորից իշխանության գալու թե՛ ՀՀ երկրորդ, թե՛ երրորդ նախագահները։
– Իրենք հայտնվեցին Հայաստանի քաղաքական օլիմպոսում Հայաստանի թուլացած մարմնի հետևանքով, եթե դա չլիներ, իրենք զգետնված մարդիկ էին։ Հիմա եթե Հայաստանը կազդուրվի, միտում կա, պարզապես շատ դանդաղ է դա տեղի ունենում, նրանք հայ ժողովրդին քաղաքական կյանքում ուղեկցել չեն կարող, մեր ժողովուրդն այդ հատվածին վաղուց ուղարկել է այնտեղ, որտեղ պետք է լինեին։
Կարծում եմ՝ մեր ժողովուրդն ունի բավարար իմաստություն, որպեսզի իր վատթարագույն կյանքի ռեինկարնացիա թույլ չտա, բայց այստեղ գործող իշխանությունից էլ է մեծ բան կախված, եթե շարունակելու են այսպիսի անհեթեթ արդարադատություն անել՝ ինչ ասես հնարավոր է Հայաստանում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am