Ինքնասպանություն առանց հետքերի. Շուշիի բանտում մահացած զինծառայողի մայրը հավատացնում է. «պայքարելու եմ մինչև վերջ»

Ինքնասպանություն առանց հետքերի. Շուշիի բանտում մահացած զինծառայողի մայրը հավատացնում է. «պայքարելու եմ մինչև վերջ»
Ինքնասպանություն առանց հետքերի. Շուշիի բանտում մահացած զինծառայողի մայրը հավատացնում է. «պայքարելու եմ մինչև վերջ»

2012 թվականում Շուշիի բանտում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, հիմնավոր կասկածներ ունի, որ որդին ոչ թե ինքնասպան է եղել կախվելով, այլ նրան սպանել են: 

«Իմ երեխուն սպանել են, ուրիշ վարկած լինել չի կարող: Ես ինքս մահանալուց հետո երեխուն զննել ու տեսել եմ, որ ոտքի բութ մատը ջարդված էր, մարմինը կապտուկների մեջ էր: Ինչո՞ւ էին գլուխն ու վիզը անվնաս, իսկ մարմնի մնացած հատվածները լրիվ կապուտ էին: Ո՞նց եղավ, որ երեխեն կախվեց, ու դեմքը չկապտեց: Կախված մարդու լեզուն դուրս է գալիս, ու դեմքը լրիվ կապտում է: Իսկ մենք հինգ օր պահեցինք երեխուն, ոչ մի գույն չփոխվեց: Մարմինը ծեծված էր, ես ինքս եմ անձամբ տեսել»,- «Մեդիալաբին» ասում է Հեղինե Պետրոսյանը:

Հրազդան քաղաքի բնակիչ Հեղինե Պետրոսյանը, ով պարբերաբար արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան, նախքան որդու 18 տարին լրանալը նրան տարել է Մոսկվա՝ զինվորական կոմիսարիատում փաստաթուղթ ստորագրելով, որ պարտավորվում է տարիքը լրանալուն պես տղային ներկայացնել զինվորական ծառայության:

Տղայի մասին բնութագիր գրելիս էլ մայրը գրել է ճշմարտությունը՝ նշելով, որ Հայկ Մովսիսյանը նյարդային խնդիրներ ունի, ագրեսիվ է, նույնիսկ դանակով իր վրա է հարձակվել:

«2011 թվականի մայիսի 1-ին եկել ենք Հայաստան, մայիսի 30-ին նրան կանչել են վայենկոմատ՝ բուժզննության: Այդ օրը իրեն կանչել էին, որ տանեն բանակ, բայց չտարան, հետաձգեցին»,- պատմում է մայրը:

Հեղինեն պատմում է, որ զինվորական կոմիսարիատից որդուն ուղեգրում են բուժզննության «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տալիս են եզրակացություն, որ սրտի խնդիրներ ունի:

Չնայած դրան՝ Հայկ Մովսիսյանը 2011 թվականի հունիսին հանրապետական զորակոչային հանձնաժողովի կոմից ճանաչվել է պիտանի շարային ծառայության համար:

Արցախի զորամասերից մեկում ծառայելու ընթացքում Հայկն աչքի է ընկել նյարդային պահվածքով, անգամ մի անգամ կտրել է երակները՝ հայտնվելով հիվանդանոցում: Ծառայությունից երկու ամիս անց՝ օգոստոսի 2-ին, նա բանակից զորացրվում է՝ նյարդային լուրջ հիվանդությունների հիմքով, համարվում ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեալի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը աբսուրդ է համարում այն, որ բանակ զորակոչվելուց երկու ամիս հետո երիտասարդը համարվում է ոչ պիտանի զինվորական ծառայության համար:

«Կա՛մ Հայկ Մովսիսյանին հիվանդացրել են այդ երկու ամսվա ընթացքում, կա՛մ ոչ պատշաճ բժշկական զննություն են իրականացրել»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Արդեն օգոստոսի 3-ին Հայկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայությունից խուսափելու համար, խափանման միջոց ընդունվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Հայկ Մովսիսյանին հոկտեմբերի 16-ին տվել են զինվորական գրքույկ, սակայն հոկտեմբերի 16-ից հետո նրա նկատմամբ սկսվել է քրեական հետապնդման գործընթացը:

Հայկի  մայրը պատմում է, որ գործը քննող քննիչ Ա. Ադամյանն ասել է. «Մի հատ ուտել-խմելու փող կտաս՝ մի 200 դոլար, որ տղայիդ գործը դատարան չմտնի»:

Արթուր Սաքունցի խոսքով՝ դա հիմք է տալիս կասկածելու, որ անօրինական ու ոչ հիմնավոր քրեական հետապնդում է իրականացվել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի նոյեմբերի 20-ին Հայկ Մովսիսյանին մեղավոր է ճանաչել զինծառայությունից խուսափելու համար և դատապարտել 3 տարվա ազատազրկման:

Հայկ Մովսիսյանը, նախքան դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, գտնվել է Շուշիի բանտում, իսկ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվելու էր պատիժը Հայաստանում կրելու, սակայն նոյեմբերի 26-ին բանտում մահացել է:

«Մայրը գնում է, հարցնում՝ ի՞նչ եղավ երեխաս, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ասում է՝ կարող է իրեն կախել է: Նրան չեն բացատրել, որ պետք է տուժողի իրավահաջորդ ներգրավվի: Պետք է բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվեին, քննեին բանտի աշխատակիցներին, ծնողին ծանոթացնեին տեղազննության արձանագրությանը, դատաբժշկական փորձաքննություն նշանակեին, տուժողի իրավահաջորդին ծանոթացնեին այդ եզրակացությանը, բայց չեն արել»,- ասում է իրավապաշտպանը:

Նա նույնպես չի հավատում Հայկ Մովսիսյանի կախվելու վարկածին: Իրավապաշտպանը պնդում է, որ նրան ծեծելով սպանել են:

«Հայկ Մովսիսիյանի մարմնի վրայի վնասվածքների բնույթն այնպիսին է եղել, որ դա խոսում է ոչ թե կախվելու, այլ բռնություն գործադրելու մասին»,- ասում է Սաքունցը:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ այս տարվա ապրիլի 13-ին վերաքննիչ դատարանը հետմահու անմեղ է ճանաչել Հայկ Մովսիսյանին: Մայիսի 16-ին գլխավոր դատախազությունից Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Զարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքի տակ որպես գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է հանդես եկել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:

«Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ կապված է զինվորական դատախազի աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետ: Իսկ վճռաբեկ բողոքը նշանակում է, որ զինվորական դատախազը կարողացել է նախագահի աշխատակազմի աջակցությամբ լուսանցքից այն կողմ պահել Աղվան Հովսեփյանին ու Արամ Թամազյանի ներկայացմամբ բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը»,- ասում է Սաքունցը:

Հայկ Մովսիսյանի գործով թե՛ առաջին ատյանի, թե՛ Վերաքնիչ դատարանների որոշումները զետեղված չեն եղել դատական տեղեկատվական համակարգում՝ www.datalex.am կայքում, ինչը նույնպես, ըստ իրավապաշտպանի, գործը կոծկելու մասով կասկածների տեղիք է տալիս:

«Մայիսի 16-ին ո՞ւր է եղել Աղվան Հովսեփյանը, ինչո՞ւ է նրա անունից Արամ Թամազյանը հանդես եկել: Այսինքն՝ երկո՞ւ գլխավոր դատախազ ունենք, գուցե երե՞ք»,- հարցադրում է անում Սաքունցը:

Հատուկ քննչական ծառայությունում Հայկ Մովսիսյանի մահվան հետ կապված քրեական գործ է հարուցված, որի մասին, ըստ Սաքունցի, տեղյակ չեն պահում հանրությանը և հարազատներին:

«Հայտնի չէ՝ այդ գործը Հայկ Մովսիսյանի սպանության մեջ ներգրավված պաշտոնատար անձա՞նց, զինդատախազի՞, դատավորի՞, թե՞ Արամ Թամազյանի դեմ է: Չկա այն հարցի պատասխանը՝ արդյոք ՀՔԾ նախկին պետ Միրզոյանի հեռացումը պայմանավորված չէ՞ր այդ գործով»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հենց այս գործի հետ է կապված ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկությունը, ինչը լրագրողների հետ զրույցում վերջերս չժխտեց նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Այս փուլում Հայկ Մովսիսյանի ընտանիքն ու իրավապաշտպան Արթուր Սաքունցը պայքարում են, որ Հայկի մայրը ճանաչվի տուժողի իրավահաջորդ, իսկ Սաքունցը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Նրանք նաև պահանջում են, որ Հայկ Մովսիսյանի մահվան հետ առնչություն ունեցող բոլոր մեղավորները պատժվեն:

Որդու մահվանից 7 օր հետո Հեղինե Պետրոսյանը նամակ էր գրել Սերժ Սարգսյանին, նախագահական նստավայրից պատասխան է ստացվել, որ նա ներկայանա զինվորական դատախազություն:

«Գնում եմ դատախազություն, կոպիտ ձևով վիրավորում են ու ճանապարհ դնում: Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց՝ տիկի՛ն, կարող է ձեր որդին կախվել է: Ուզում են գործը ծածկեն, բայց չեն կարող, ինձ չեն կարա ապացուցեն»,- ասում է Հեղինե Պետրոսյանը՝ հավելելով, որ մինչև վերջ շարունակելու է պայքարը:

Նախորդ տարի Հայաստանի զինված ուժերում զինծառայողների մահվան 50 դեպք է արձանագրվել:

Սաքունցն ասում է, որ բանակում գրանցվող մահվան դեպքերի պատճառն այն է, որ պաշտոնատար անձինք մտածում են ոչ թե բանակի, այլ անձնական հարցերի լուծման մասին:

«Բանակում, ցավոք սրտի, հանցագործությունները շարունակվելու են, քանի որ պատասխանատվությունն անձի նկատմամբ զրո է: Չնայած Հայկ Մովսիսյանը զորացրվելուց հետո է սպանվել, սակայն նա ինդիկատորն է մեր իրականության»,- ասում է Սաքունցը:

Մարի Ներսեսյան

Լուսանկարում` Հայկ Մովսիսյանը  (1in.am)

© Medialab.am