Մեր մամուլում հաճախ է հնչում՝ մեր պատգամավորներն անգրագետ են, չեն տիրապետում տարրական, 4-րդ դասարանի գիտելիքների, եւ նրանց «քաղաքական գործիչ» է դարձրել միայն փողը: Նույն փողի միջոցով նրանք ձեռք են բերել բարձրագույն կրթության մասին դիպլոմը՝ դրանով իսկ վարկաբեկելով թե՛ այդ փաստաթուղթը եւ թե՛ այն բուհը, որն այդ դիպլոմը վաճառել է:
Կարծես թե, ամեն ինչ պարզ է: Սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ փորձելով արդարացնել իր անգրագետ գործընկերներին, պնդում է, որ 40-ն անց տարիքում դիպլոմ ստանալու ցանկությունը նրանց մեջ առաջացել է ոչ թե դրամապանակի եւ վզի հաստացմանը զուգահեռ, այլ պարզապես ուսման ծարավի հետեւանքով: Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է. այդ «գործիչները» ոչ միայն ուսման ծարավ չեն, այլեւ արհամարհում են ուսումն ու գիտելիքը, կարծում են, որ դա տղամարդուն վայել չէ: Իսկական տղամարդը պետք է հսկայական «ջիպ» ունենա, բազմամարդ թիկնազոր, որը ժամանակ առ ժամանակ քացու տակ կգցի բոլոր նրանց, ովքեր իրենց կողմը թարս են նայում: Որոշ ընդդիմադիրներ գտնում են, որ այդ անգրագետների մեջ կան նաեւ առաջադեմ մարդիկ, որոնք Հայաստանում ժողովրդավարություն եւ լեգիտիմություն կհաստատեն: Դա, անշուշտ, «բարձր քաղաքականության» ոլորտից է, որը մենք՝ շարքային քաղաքացիներս, կարող ենք եւ չհասկանալ: Ինձ անձամբ հետաքրքիր է մարդու «մշակութաբանական տիպը», եւ այդ առումով պետք է, ցավոք սրտի, արձանագրեմ, որ կրթված մարդու կերպարը Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ պահանջարկ է վայելում, իսկ «լավ տղունը»՝ ավելի շատ: Կարդալ ավելին