Գիշերային ժամերին հրավառություն իրականացնողները ենթարկվելու են պատասխանատվության՝ 100 հազար դրամ տուգանքի

Ոստիկանությունից տեղեկացնում են․

Խնջույքներն աղմկոտ ու գունեղ հրավառությամբ եզրափակելը մեր առօրյայի անբաժանելի մասն են։ Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն  արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների,  սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում,  այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով:

Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի եւ զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` 1 միլիոն դրամի չափով։