«Գիտեր, որ գրիչ ու բլոկնոտ եմ սիրում, ամեն անգամ կառներ կբերեր, բոլորը պահել եմ»․ 18-ամյա Գրիգորը զոհվել է պատերազմի 18-րդ օրը

21-ամյա Սյուզաննա Աղաբաբյանը հուզվում է՝ հիշելով եղբոր արած անակնկալները։ Ասում է՝ եղբայրը միշտ փորձում էր ուրախացնել իրեն, նվերներ անել։ 

«Շատ տպավորվել ա՝ վերջին զանգի օրը ես տանն էի, մի պահ դուրս եկա, ներս մտա, խաղալիք էր բերել դրել։ Շատ ուշադիր էր, իմ սիրած ամեն ինչը կառներ կնվիրեր։ Գիտեր, որ գրիչ ու բլոկնոտ եմ սիրում, ամեն անգամ գյուղից քաղաք գնալիս կառներ կբերեր, հիմա դրանք բոլորը կան, պահել եմ»,- ասում է Սյուզաննան ու նշում, որ Գրիգորը միակ եղբայրն էր, հիմա ո՛չ քույր ունի, ո՛չ եղբայր։

«Պատերազմը գլխիվայր շրջեց մեր կյանքը»,- ասում է Սյուզաննան։ 

Սյուզաննայի եղբայրը՝ ժամկետային զինծառայող 18-ամյա Գրիգոր Աղաբաբյանը, զոհվել է պատերազմի 18-րդ օրը։

Քույրը պատմում է, որ Գրիգորը սկզբում Ջրականում է մարտնչել հակառակորդի դեմ, այնուհետև տեղափոխվել է Վարանդա։

«Իր ոտքը վիրավոր ա եղել, Ֆիզուլիի չաստի հոսպիտալում ոտքը վիրակապել են, հոկտեմբերի 12-ին վիրավոր ոտքով հանել են դիրքեր, էնտեղ էլ զոհվել է սնարյադի հարվածից։ 6 հոգի են եղել, 6-ն էլ զոհվել են հրամանատարի հետ»,- ասում է ու հուզվում քույրը։

Սյուզաննան ասում է՝ եղբոր զոհվելու մասին նոյեմբերին են իմացել, դեկտեմբերին աճյունը դուրս է բերվել Վարանդայից, ԴՆԹ փորձաքննության հաստատումից հետո՝ հունիսի 6-ին էլ տեղի է ունեցել հուղարկավորությունը Սպիտակի Լուսաղբյուր գյուղում։

Գրիգոր Աղաբաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Սյուզաննայի պատմելով՝ Գրիգորը բարի էր, ուշադիր, գյուղի օգնական ուժն էր, ինչ հարց լիներ՝ օգնում էր։

«Հանգիստ էր, հանդարտ, չէր սիրում կռիվներ, լինելու դեպքում էլ՝ հարթում էր խոսքով»,- ասում է քույրը։

Գրիգորը սիրում էր մեքենայի հետ կապված աշխատանք՝ քանդել, հավաքել․ «Որոշել էր բանակից գալ և շարունակեր այդ գործով զբաղվել»,- նշում է Սյուզաննան։

Քույրն ասում է՝ կյանքն այլևս առաջվանը չի կարող լինել, աննկարագրելի է կարոտը, եղբոր բացակայությունից հետո գոյացած ահռելի դատարկությունը․ 

«Գերեզման ենք գնում, բայց էնտեղ չեմ զրուցում իր հետ, իր նկարով կուլոն ունեմ, կուլոնի հետ էլ զրուցում եմ։ Շատ եմ կարոտում ու բառերով հնարավոր չի նկարագրել ՝ ինչ եմ զգում իրենից հետո։ Մեր կյանքը փոխվեց, շրջվեց միանգամից»,- ասում է Սյուզաննան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am