Նպատակ կա պատժել, վախի մթնոլորտ ստեղծել այն մարդկանց նկատմամբ, որոնք չեն կիսում իշխանության կարծիքը. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը 

– Տիկի՛ն Սամսոնյան, 55-ամյա կինը կալանավորվել է վարչապետի հասցեին արված նամակագրության համար, որը դեռ պարզ չէ, թե ինչպես է հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս դեպքով կան արագ արձագանք ու նաև խափանման միջոց կալանք, իսկ ձեզ հետ կապված սպառնալիքի դեպքի մասով, որ օրեր առաջ էիք բարձրաձայնել, իրավապահներն այսքան արագ չէին արձագանքել:

– Մեզ համար վաղուց է ակնհայտ, որ մարդկանց քաղաքական գրառումների համար պատժելը, կալանավորելը հստակ պատվեր են իշխանության կողմից: Ես կարծում եմ, որ հրահանգ է իջեցված բոլոր դատավորներին ու իրավապահ մարմիններին, որ իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես, վարչապետի ու նրա ընտանիքի վերաբերյալ նմանատիպ գրառումները պետք է անմիջապես արձագանք ստանան ոստիկանության կողմից, ու այդ մարդիկ պետք է պատժվեն: Պատիժն էլ բանտային կալանքն է, ընդ որում՝ կարևոր էլ չէ, որ այդ գործերը մինչև վերջ կհասնեն հանգուցալուծման, կարևոր է, որ այդ մարդը հայտնվի քրեակատարողական հիմնարկում: Պարզապես քաղաքական գրառման համար նման խափանման միջոցի կիրառումը համաչափ չէ: 

– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ՝ այս դեպքում, երբ խոսքը հրապարակային էլ չի եղել, կան արձագանք ու պատիժ, բայց երբ իշխանության աջակիցներից մեկը հրապարակային կոչ էր արել քարով ջարդել Վեհափառի գլուխը, չեղան արձագանք ու պատիժ:

– Այս խտրական վերաբերմունքը նշանակում է մեկ բան, որ իշխանությունը նպատակ չունի պայքարելու ատելության խոսքի, հայհոյանքի, վիրավորանքի կամ բռնության կոչերի դեմ, մեկ խոսքով ասած՝ ընդհանուր երևույթի դեմ պայքարելու նպատակ չկա: Նպատակ կա պարզապես պատժել, վախի մթնոլորտ ստեղծել այն մարդկանց նկատմամբ, որոնք չեն կիսում իշխանության կարծիքը: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ մարդը բարձրագույն արժեք է, եթե այս իշխանությանը հաջողվի Սահմանադրությունը փոխել, հուսամ, չի հաջողվի, կարող է այդ նորմը փոխել հետևյալ կերպ՝ իշխանության ներկայացուցիչը Հայաստանում բարձրագույն արժեք է:

– Կարծում եք, որ այդ, ինչպես ասացիք՝ խտրական մոտեցո՞ւմն է պատճառը եղել, որ կոնկրետ ձեր դեպքի մասով էլ երկար ժամանակ արձագանք չեղավ:

– Ես չեմ ուզում միանշանակ պատճառ ասել, բայց վստահ գիտեմ, որ պատճառներից մեկն այն է, որ իրավապահ համակարգն այնքան ծանրաբեռնված է քաղաքական պատվերներով ու գործերով, ընդ որում՝ այսպես մի նամակագրության դեպքով ամբողջ իրավապահ համակարգը կարող է գործի լծվել ու ծանրաբեռնվել, հասկանո՞ւմ եք, թե սա ի՛նչ է նշանակում, որ մյուս քաղաքացիների դիմումները կարծես թե անտեսվում են, կամ դրանց համար ժամանակ չի մնում: 

Իմ դեպքի մասով, ընդ որում, ես դիմել եմ իրավապահ համակարգին միայն, երբ հասկացա, որ այդ գործողությունները օնլայն տիրույթից կարող են տեղափոխվել օֆլայն տիրույթ ու վտանգավոր դառնալ: Երբ քաղաքական մի գրառման համար համակարգն անմիջապես արձագանքում է, բայց նման դեպքերին չի արձագանքում, սա արդեն նորմալ չէ: 

– Տիկի՛ն Սամսոնյան, իսկ այս կերպ իշխանությանը կհաջողվի՞ վախի մթնոլորտ ստեղծել:

– Մասամբ արդեն հաջողվել է, որովհետև եթե առաջ մարդիկ միայն պետական համակարգում էին վախեցած, չէին խոսում, ապա հիմա նաև մասնավոր համակարգերում չեն խոսում: Մարդիկ իրենց գործընկերների, ընկերների, ընտանիքի անդամների հետ խոսելիս արդեն վերապահումներ ունեն, վախ ունեն, որովհետև չգիտեն, թե այդ խոսակցությունը որտեղ կհայտնվի: 

Ու այս 55-ամյա կնոջ դեպքը ցույց է տալիս, որ քեզ կարող են խոսեցնել, դու սրտնեղած ու էմոցիոնալ խոսես, հետո այդ խոսակցությունը դառնա հրապարակային: Նախ սա խոսում է մեր հասարակության քաղաքական ու բարոյական նեխվածության մասին, ու երկրորդը՝ որ քաղաքական իշխանությունը վատ բարքեր է սերմանում մարդկանց մեջ, միմյանց խոսեցնելու, ձայնագրելու ու միմյանց դեմ ապացույցներ հավաքելու ու, կներեք արտահայտությանս համար, գործ տալու համար: Բայց սա հանցագործություն չէ, որ մարդը դիմի իրավապահներին, այստեղ առօրյա խոսակցությունների մակարդակ է, ու իսկապես ամոթ է, բայց, դե, այս իշխանությունից ուրիշ ի՛նչ էր պետք սպասել:

– Չնայած այս ամենին՝ իշխանությունը պնդում է, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, թե այստեղ խոսքի ազատության սահմանափակում չկա:

– Այս իմաստով ավտորիտար երկրներում ավելի անկեղծ են մարդկանց նկատմամբ, քան մեզ նման պատրանքային դեմոկրատական երկրներում, որովհետև այնտեղ մարդուն ասում են՝ չես կարող խոսել, մարդը գիտի, որ չի կարող խոսել, իսկ մեզ նման երկրներում մարդուն ասում են՝ դու խոսիր, դու ազատ խոսիր, մարդը խոսում է, գնում բռնում են: Այսինքն՝ ստեղծում են հնարավորինս իբրև անվտանգ միջավայր, որ մարդը խոսի, հետո նրան բռնեն: 

Պարզ է, չէ՞, որ ոչ բոլորն են հայհոյում իշխանություններին, մեծ մասն իր մտահոգությունն է արտահայտում, բայց այս ամենն անում են այն նպատակով, որ նույնիսկ այդ անմեղ մտահոգությունները երբևէ չարտահայտեն, սա է խոսքի իսկական ճնշումը, այլ ոչ թե այն ավտորիտար երկրներում, որտեղ մարդուն պարզ ասում են՝ դու չես կարող խոսել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am