Անհրաժեշտ էր ուսումնասիրել գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը․ Պաշտպանը այցելել է Արարատի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) խնդիրներ է առաջացրել բոլոր ոլորտներում: Չպետք է թողնենք, որպեսզի մարդկանց ամենօրյա հոգսերը համավարակի պատճառով դառնան երկրորդական:

Այսօր մեր աշխատակազմով այցելեցինք Արարատի մարզ: Անհրաժեշտ էր ուսումնասիրել մի շարք գյուղերում ոռոգման և խմելու ջրի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները բնակիչներից, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումները:

Այցից առաջ Քաղցրաշեն և Նարեկ գյուղերում ոռոգման ջրի հետ կապված մի քանի կարևոր հարց քննարկեցինք Արարատի մարզպետի հետ: Հարցերը տեղում քննարկեցինք նաև համայնքի ղեկավարի և ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ: Այնուհետև, այս և այլ թեմաներով զրուցեցինք բնակիչների հետ, որոնք բարձրացրին նաև խմելու ջրի հետ կապված խնդիրներ:

Այս բոլոր հարցերը վաղը կամփոփենք և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնական գրություն կհասցեագրվի ՀՀ Ջրային կոմիտե և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ այլ մարմիններ ևս:

Հ.Գ. Վիրուսի կանխարգելման կանոնները պետք է պահպանել բոլոր հանդիպումների, քննարկումների ընթացքում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=655422048390337&id=100017676420633