ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը Գյումրիում էին. խախտումներ են հայտնաբերվել բենզալցակայաններում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր՝ հունիսի 27-ին, Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամաններրը, ջերմաչափերը և ջերմաչափման գրացմամատյանները, փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները:

Գազալցակայաններում և շինայութի վաճառքի կետերում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ առկա են եղել ախտահանող նյութեր:
Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

ՇՎՏՄ-ն հունիսի 27-ին պարետի որոշմամբ իրականացրել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք շինանյութի խանութների, բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը: Կասեցման պատճառ են հանդիսացել տվյալ տնտեսավարողների մոտ գծանշումների, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկների, փակ աղբամանների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը:

Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է: