«Ոստիկանության ուժերը շրջում են քաղաքում, ժամը 19:00-ից հետո առհասարակ արգելված է դուրս գալ»․ Լյուսի Բոլյանը՝ Ֆրանսիայի Նեվեր քաղաքից

«Բոլորիս հայտնի է ֆրանսիական բագետը, որը ֆրանսիացիները գնում են ամեն առավոտ թարմ ու տաք, հիմա ստիպված գնում ենք մեծ քանակով հաց ու կեսը սառեցնում, հետո օգտագործում, որպեսզի հաճախ խանութ չգնանք։ Վախ, իհարկե, դեռ կա, քանի որ դեռ շատ հիվանդներ ու վարակվածներ կան»,- «Մեդիալաբին» ասում է Լյուսի Բոլյանը, որն ընտանիքի հետ բնակվում է Ֆրանսիայի Նեվեր քաղաքում։

Լյուսին պատմում է, որ թույլատրվում է տնից դուրս գալ 1 ժամով՝ խանութ կամ դեղատուն գնալու նպատակով։ Պարտադիր պետք է հատուկ անցաթուղթ լրացնեն, չլրացնելու դեպքում տուգանքը 130 եվրո է։ 

«Ոստիկանության ուժերը շրջում են քաղաքում, երեկոյան ժամերին՝ ժամը 19:00-ից հետո, առհասարակ արգելված է դուրս գալ»։

Ասում է, որ խանութ գնալիս պահպանում են որոշակի հեռավորություն, մեծ թվով մարդիկ միաժամանակ խանութ չեն մտնում։ «Երբեմն մարդիկ ուղղակի պահանջում են պահպանել հեռավորություն ու զգուշավորություն իրենց նկատմամբ։ Բոլորը չէ, որ դիմակներ են կրում, ու բավական դժվար է դրանք ձեռք բերել, ինչպես նաև ախտահանիչ նյութեր ու ալկոգել։ Սնունդն ու մնացած ամեն ինչ նորմալ քանակով կա, ու մարդիկ այլևս առաջին օրերի պես շատ-շատ չեն գնում»,- ընդգծում է Լյուսին։ 

Ասում է, որ առաջ մարդիկ մարզվելու համար շատ էին տնից դուրս գալիս. «Հիմա արգելված է նաև սպորտի հետ կապված ելումուտը՝ վազքը, ինչպես նաև հեծանիվ վարելը։ Մարդիկ դուրս չեն գալիս զբոսնելու, դրսում գրեթե մարդ չկա, օգտվում են հիմնականում պատշգամբներից և բակերից, իսկ եթե նման հնարավորություն չունեն, իրավունք ունեն իրենց տան մոտակայքում 5-10 րոպե մաքուր օդ շնչել»։ 

Լյուսին նշում է, որ սա շատ բարդ է, սովորաբար այգիներում մարդիկ շատ էին զբոսնում, երեխաներին հաճախ տանում էքսկուրսիա ու արշավ, հիմա ստիպված են փակվել տանը։ «Մեր բախտը բերել է, մենք բակ ունենք, որտեղ երեխաներս կարողանում են սպորտով զբաղվել, տարբեր խաղեր ենք կազմակերպում, դժվար է բարձրահարկ շենքերում ապրող երեխաների համար, քանի որ գրեթե ամբողջ օրը փակված են տանը։ Տղաս շատ ծանր է տանում, որ արգելում եմ խաղալ անմիջապես հարևանությամբ ապրող իր ընկերների հետ, իսկ նախկինում միասին խաղում էին մինչև երեկո, հիմա շփվում ու խաղում են ցանկապատից այն կողմ։ Հաճախ վերցնելով մի դույլ, մեջը դնում ենք քաղցրավենիք կամ խաղալիք ու ձողի միջոցով փոխանցում միմյանց»,- պատմում է Լյուսին։ 

Ասում է՝ ֆրանսիացները պահպանում են տանը մնալու կանոնները, չեն այցելում բարեկամներին և ընկերներին, շատ զգուշություն են ցուցաբերում հատկապես ծերերը, որոնք երբեմն նույնիսկ խիստ տոնով հորդորում են պահպանել հեռավորություն։

Նա ընդգծում է, որ երկրում հատկապես մեծ ուշադրություն է դարձվում խոցելի խմբերի առողջության պահպանմանը։ «Բժիշկները պարբերաբար և ըստ անհրաժեշտության (եթե քրոնիկական հիվանդություններ առկա են) այցելում են տները և եթե հնարավոր է՝ փորձում բուժման կուրսը իրականացնել տան պայմաններում, իսկ եթե ոչ, ապա հատուկ կերպով կազմակերպվում է նրանց ելումուտը հիվանդանոց, ընտանեկան բժիշկները ևս պարբերաբար հետաքրքրվում են իրենց հիվանդների առողջությամբ, և ոչ միայն բժիշկները։ Իմ հարևանուհին, որը 75 տարեկան է և ապրում է միայնակ, դժվարություններ չի ունենում, քանի որ ուտելիքը և մնացած բաները պատվիրում է, բերում են, բժիշկները տեսազանգով մշտապես կապի մեջ են, երբեմն նաև այցելում են, սոցիալական աշխատողներն են կապի մեջ լինում»,- նշում է Լյուսին։

Լյուսին ասում է, որ եթե իրենց քաղաքում ծանր հիվանդներ են լինում, ապա նրանց տեղափոխում են մեծ քաղաքներ՝ բժշկական օգնություն տրամադրելու համար։

Նշում է, որ գործում են նաև բարեգործական կենտրոններ, որոնք կարիքավորներին տրամադրում են են սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր։

Լյուսին ասում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում խթանելու գյուղատնտեսությունը։ «Սկսվել են գարնացանի աշխատանքները, ու հարմար տոկոսադրույքներով տրամադրվում են վարկեր, որպեսզի կարողանան ապահովել սննդով հետագայում, քանի որ հիմա մեծ քանակով սպառվում է»։

Նշում է, որ ամեն շաբաթվա վերջում քաղաքապետը կազմակերպում է ֆեյսբուքյան ասուլիս, պատասխանում քաղաքացիների հուզող հարցերին․ «2-3 օրը մեկ քաղաքապետը տեղեկություններ է հաղորդում քաղաքում տիրող իրավիճակի մասին՝ քանի հաստատված դեպք ունեն, քանի հոգի են հիվանդանոցում, մահացության թիվը և այլն»։ 

Ասում է, որ այն մարդիկ, որոնք ունենում ախտանշաններ, ինքնամեկուսանում են 14 օր, եթե նկատվում են բարդություններ, ապա դիմում են բժշկի։

Լյուսին ընդգծում է, որ թեպետ բարդ իրավիճակ է, բայց պետք է պահպանել լավատեսությունը․ «Հայրենակիցներիս մաղթում եմ առողջություն, հորդորում մնալ տանը և պահպանել հիգիենայի կանոնները»:

Արփինե Արզումանյան

MediaLab.am