Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի եւ ուղղությունների վերաբերյալ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագերի քանակի, ընթացքի, ուղղությունների եւ նշանակության մասին՝ անդրադառնալով նաեւ նախորդ տարվանից այս տարի փոխանցված ծրագրերին:

«Այս տարի մենք մարզի համայնքներից հավաքագրեցինք եւ ՀՀ կառավարություն ներկայացրինք 136 ծրագրային հայտ, որոնցից հաստատվեց 114-ը: Մնացած ծրագրային հայտերը չընդունվեցին տարբեր պատճառներով:

Այդ ծրագրերը բազմաբնույթ են, սակայն մենք հիմնական նախապատվությունը տալիս ենք ներհամայնքային ճանապարհների, խմելու, ոռոգման ջրատարների և մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրերին: Հաստատված 114 ծրագրերից 20-ի մեկնարկն արդեն տրված է: Հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 6 միլիարդ դրամ, որը կարող է փոփոխվել անցկացվող շինարարական մրցույթների արդյունքում:

Այս ծրագրերը ոչ միայն համայնքների զարգացման ու մարդկանց կենսապայմանների բարելավման, այլ նաեւ սոցիալական ու զբաղվածության խնդիր են լուծում մեր հազարավոր այն քաղաքացիների համար, ովքեր տարիներ շարունակ զբաղվում էին արտագնա աշխատանքով ու այս տարի, պայմանավորված համավարակով, արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չեն ունեցել:

Նախորդ տարի ՀՀ կառավարությունը հաստատել էր Գեղարքունիքի մարզից ներկայացրած 103 սուբվենցիոն ծրագրային հայտ, որոնցից 23-ի ավարտի ժամկետները տեղափոխվել են 2020 թվական: Դրանց մի մասը տեղափոխվել է շինարարական մեծ ծավալների, մի մասը՝ անորակ աշխատանքների պատճառով: Մենք շատ ենք կարեւորում շինարարության որակը, եւ այս քայլը պետք է դաս լինի շինարարներին, որ ոչ մի անորակ աշխատանք մեր կողմից չի ընդունվելու, չի վճարվելու իրականացված աշխատանքների դիմաց:

Եթե վերացվեն նախորդ տարվանից մնացած թերությունները, մենք կդիտարկենք դրանք եւ կընդունենք անավարտ մնացած ծրագրերը: Ամեն դեպքում, մենք գոհ ենք նախորդ տարում իրականացված աշխատանքներից, նաեւ՝ այս տարվա սուբվենցիոն ծրագրերի նախապատրաստական ու մեկնարկային ընթացքից»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։