«Ազատություն»-ը տեղեկացնում է․
Երևանի 33 թաղամասի կամ Ֆիրդուսի ու հարակից փողոցի կառուցապատմամբ զբաղվող 17 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է Էդուարդ Մելիքյանի հետ, որը տարիներ առաջ նույն տարածքում կառուցապատում սկսած, ապա սնանկացած «Գլենդել Հիլզ» ընկերության բաժնետերերից էր, վստահեցնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և այս հանգամանքի վրա հրավիրում իրավապահների ուշադրությունը։
«Այդ նույն կազմակերպությունը, դնելով այլ դիմակ և բաժանվելով, մասնատվելով 17 այլ կազմակերպությունների, ներկայանալով և հանդես գալով տարբեր այլ անուններով, իրականացնում է կառուցապատում: Տնօրենը, որը «Գլենդել Հիլզ»-ի ամբողջ կենսագրության մեջ եղել է, կամ City Center Development-ն է նաև նա կառավարել, այդ ամբողջ ընթացքում այդ մարդն է ներկայացրել այդ ամբողջ շահերը, և հիմա մի մարդը միայնակ ներկայացնում է նաև 17 կազմակերպությունների», – ասաց կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Այվազյանը բացատրում է, թե ինչու են որոշել հաղորդում ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Ըստ «Թրանսփարենսի»-ի ուսումնասիրության, հիմնավոր կասկածներ կան, որ Էդուարդ Մելիքյանը և այլ անձինք ոչ թե մեկ, այլ տասնյակ ընկերությունների անունից հանդես գալով՝ փորձում են թվացյալ մրցակցության տպավորություն ստեղծել, ինչի արդյունքում կկարողանան հեշտությամբ յուրացնել իրացման գոտում գտնվող քաղաքացիների գույքը։
«Մի ընկերություն 17 ընկերության փոխարեն ներկայացնել, և մրցույթ չի իրականացվել անհասկանալի պատճառներով, թեկուզ Քաղաքաշինության կոմիտեն պետք է կազմակերպեր մրցույթ, և ամբողջը հանձնարարվել է հենց այդ մեկ ընկերությանը: Եթե նախորդ իշխանությունները դրա վրա աչք են փակել, թույլտվություն են տվել, դրա համար որոշումներ են ընդունել, Նարեկ Սարգսյանն է ներգրավվել այդ գործընթացներում, դա զարմանալի չէ, բայց մեզ համար խիստ զարմանալի և անընդունելի է հեղափոխությունից հետո այդ գործընթացի շարունակությունը», – նշեց Սոնա Այվազյանը:
2007 թվականից իրացման գոտու վերածված 33 թաղամասի տասնյակ բնակիչներին այդտեղից հեռացնելուց հետո փորվեցին մի քանի շինարարական փոսեր, սակայն կառուցապատում այդտեղ այդպես էլ չսկսվեց, City Center Development ընկերությանը եկավ փոխարինելու «Գլենդել Հիլզ»-ը, սայլը կրկին տեղից չշարժվեց մինչև 2018 թվականի մարտ ամիս, երբ կառավարությունը տարածքը կրկին հանրային գերակա շահ ճանաչեց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։