Դժվար, բայց ապրել է պետք

Վահրամ Թոքմաջյան

Այս ծանր օրերին որևէ տեքստ գրելը կարող է դիտվել անշնորհակալ գործ։ Ընդհանրապես ամենաբարդը տեքստի նախաբանն է։ Ասելիքը շատ է, բառերը՝ քիչ։ Կամ, որ ավելի ճիշտ է՝ բառերն անզգույշ լինելու հատկություն ունեն։ Աղի հատկություն՝ հատկապես բաց վերքերի վրա։ 

Մենք վաղուց չէինք պարտվել։ Ու չէինք պարտվել այսքան ցավոտ։ Վերջին անգամ պարտվել էինք շուրջ հարյուր տարի առաջ։ Խոսքս արտաքին թշնամուց պարտվելու մասին է։

Դրանից հետո մենք տեսանք Սումգայիթի ու Բաքվի ջարդեր, բայց շատ արագ հավաքեցինք մեզ ու հաղթեցինք։ Պարտվողի հոգեբանությանը հաղթել էինք, բայց ինչ-որ պահի…

Պատճառներին հիմա չեմ ուզում անդրադառնալ։ Դրանք ինձ համար ակնհայտ են։ Ավելի քան ակնառու։ Մեղավորներ չեմ փնտրելու ո՛չ օրվա իշխանության մոլությամբ և ո՛չ էլ ընդդիմության հարթակով։

Փոքր երկիր է։ Բոլորն են հայտնի։ Փաստը մեկն է․ մարդկանց ենք պարտական կյանքով։ Արդյունքում՝ տխրահռչակ համաձայնություն։

Կխոսենք։ Մի օր այդ մասին անպայման կխոսենք, երբ խոսքը լսելի կլինի, չի ունենա շահարկում ու ենթատեքստ։

Հիմա ուզում եմ խոսել ապրելու մասին։ Աշխատելու ու նորից արարելու։ Առանց հուզականության։ Ողջ մնացածներն ու առողջները պարտավոր են հոգալ բոլոր նրանց համար, ովքեր ոչինչ չխնայեցին։

Մենք պարտավոր ենք դառնալ նոր որակի հանրույթ՝ մեկը մյուսի մասին հոգ տանող հանրույթ, իրերը սթափ գնահատող հանրույթ։ Հանրույթ, որը ապրում է նաև երազանքներով, բայց․․․ իրատեսական։

Պետական համակարգը չպետք է կոտրվի։ Չեմ խոսում իշխանության կամ ընդդիմության մասին։ Խոսքս պետության մասին է, ինչն ամենքից վեր է։ Երբ ասում եմ, որ չպետք է կոտրվի, նկատի ունեմ յուրաքանչյուրին․ ուսուցիչ, աշակերտ, դասախոս, բժիշկ, երաժիշտ, տաքսիստ, ոստիկան, հացթուխ, համակարգի բեռը տանող միջին վիճակագրական պաշտոնյա պետք է մնա իր տեղում։ Աշխատի ու շենացնի։ Վաղվա օրը պատկերացնել է պետք։ Հստակ ու իրատեսական։ 

Միֆերով կերակրվելը մեզ տանում է ողբերգությունների։ Անասելի ցավոտ ողբերգությունների։ Նման այն երեխայի ազնիվ վհատությանը, երբ մի օր բացահայտում է Ձմեռ պապի չգոյությունը։ Գոնե հիմա պետք է ազնիվ լինենք միմյանց հետ։ Իսկ ազնիվ գտնվածներին խելագարներ կամ դավաճաններ չպիտակենք։

Հոգսեր ունենք։ Շատ ու չափազանց։ Արցախցի հայրենակիցներ ունենք՝ տնից, բանից, գործից ու բարիքից, տարրական պայմաններից զրկված։ Երեխաներ՝ կորուսյալ մանկությամբ։ Կամ կազմակերպվում ենք որպես հանրույթ ու թույլ չենք տալիս հերթական փոշոտ մանկությունը, կամ ընդունում ենք, որ երազելու իրավունք չունենք։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am