ՊՊԾ ծառայողներին խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն. Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին. տեսանյութ

Այսօր Ազգային ժողովում կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է խորհրդարանի նիստերի դահլիճում Պետական պահպանության ծառայության աշխատակիցների վարքագծի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին:

Մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանի մտահոգություններին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը ասել է.

«Ես հետևել եմ Պետական պահպանության ծառայության գործողություններին ԱԺ դահլիճում։ Եվ ուզում եմ քաջալերել նրանց շարունակել պահպանել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը՝ ԱԺ նախագահի հրահանգներին համապատասխան։

Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Պետական պահպանության ծառայությանը՝ օրենքով սահմանված պարտականությունները հստակ կատարելու համար։ Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ նրանց շատ խիստ հրահանգել եմ, որ որևէ մեկին առավել ևս զուգարաններում հանկարծ անզգույշ չքաշքշեն։

Եվ պահանջելու եմ, որպեսզի նրանք այդ գործառույթը․․․ այսինքն՝ նրանք ուղղակի չեն կարող իմ այդ հրամանի վրայից անցնել։ Եթե դուք խոսում եք հանցագործությունների մասին, եթե հիշողությունս չի դավաճանում, հիմա դատական գործընթաց է գնում ձեր կուսակից Պողոս Պողոսյանին անզգույշ քաշքշելու հետևանքով սպանելու գործով։

Եվ ինչքան հիշում եմ, դուք առնվազն տասնքանի տարի այդ հանցագործության մասին չեք էլ բարձրաձայնել, որ ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են Պապլավոկի զուգարանում»։

Փաշինյանը, նկատենք, ակնարկել է 2001 թվականին կատարվածը, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել էր Պողոս Պողոսյանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար: