ՍԴ-ում նախատեսված նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

ՀՀ սահմանադրական դատարանում հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին նախատեսված նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, նիստին պետք է քննարկվեր 7 հարց, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող դիմումի քննությունը։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկյան հանձնաժողով։ Նշված երկու կառույցներից արդեն պատասխան ստացվել է:

Սահմանադրական դատարանը  ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների քննությունը նշանակել էր հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։

Ավելի ուշ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումը։

ՀՀ ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խնդրելով հետաձգել Քոչարյանի գործին առնչվող գործի քննությունը։