Կրեմլը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով

Ռուսաստանը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված կրակոցներով: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի պահպանման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին»,-նշել է Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ՌԴ նապագահի մամուլի խոսնակը պատասխանել է․

«Ռուսաստանը (մենք արդեն հայտարարել ենք ամենատարբեր մակարդակներով) պատրաստ է գործադրել միջնորդական ջանքեր հարցի կարգավորման համար` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Գիտեք, որ հեռախոսային զրույցներ են եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Երևանի ու Բաքվի գործընկերների հետ։ Եվս մեկ անգամ երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»։

Հուլիսի 13-ին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել էին հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: