Երևանի նոր ոստիկանապետը ժամանակին աղջկա վրա սիգարետ էր հանգցնում, մարդկանց էլ երկաթե ձողերով ծեծում

Երևանի նոր ոստիկանապետը ժամանակին աղջկա վրա սիգարետ էր հանգցնում, մարդկանց էլ երկաթե ձողերով ծեծում
Երևանի նոր ոստիկանապետը ժամանակին աղջկա վրա սիգարետ էր հանգցնում, մարդկանց էլ երկաթե ձողերով ծեծում

«Աշոտ Կարապետյանի նման հոգեկան հիվանդին Երևանի ոստիկանապետ նշանակելը ենթադրում է միայն այն, որ նախագահը վախենում է նոր ցնցումներից, և իրեն պետք են այս կարգի մարդիկ, որ հետագայում քավության նոխազ լինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԺԿ անդամ, Բրյուսելում բնակվող Գրիշա Վիրաբյանը, ում 2004 թվականի ապրիլի 24-ին, իր իսկ խոսքերով՝ այն ժամանակ դեռևս ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Մովսիսյանը, մարզի պետավտոտեսչության պետ Ավետիք Հարությունյանը խոշտանգել էին։

Հիշեցնենք, որ Վիրաբյանին ոստիկանությունում այնպիսի առանձնակի դաժանությամբ էին ծեծել, որ վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները հեռացրել էին նրա ամորձին` հարազատներին բացատրելով, որ եթե նա մեկ ժամ ուշ տեղափոխվեր հիվանդանոց, ապա նրա կյանքը չէր հաջողվի փրկել.

«Ես ասում եմ ոչ թե միայն նրա համար, որ Ա. Կարապետյանը անմիջական մասնակություն է ունեցել իմ դեմ կազմակերպված հանցավորությանը, այլ այն պատճառով, որ վերջինս սիգարետ էր հանգցրել մի աղջկա վրա՝ այս պահին անունն ուղղակի չեմ հիշում: Սա իշխանության դեմքն է. ամեն քայլափոխի իր նշանակումների միջոցով իշխանությունը ցույց է տալիս իր իսկական դեմքը:

Ես խոստանում եմ, որ անպայման վրեժ եմ լուծելու ոչ միայն իմ, այլ նաև այդ աղջկա համար: Աշոտ Կարապետյանի նման տականքներին պետք է պատժել, անպայման մի օր հասնելու եմ դրան՝ նրանք հասարակության մեջ պետք է տեղ չունենան և անպայմանորեն պետք է պատժվեն»,- ասաց նա:

Մասնավորեցնելով իր միտքը՝ Գ. Վիրաբյանը նշեց. «Ինձ 2004 թվականի ապրիլի 24-ին զենք ունենալու կասկածանքով տարան ոստիկանություն, սադրանքների ենթարկեցին, քրեականի պետն ինձ հայհոյեց և հարվածեց, ես էլ դիմեցի ինքնապաշտպանության և հարվածեցի իրեն: Հետո եկավ Աշոտ Կարապետյանը, որը հրամայեց ձեռնաշղթաներ հագցնել, նա ինձ առաջին խոշտանգողներից մեկն է: Այդ տղան հոգեկան խանգարումներ ունի, ես միգուցե իրավունքը չունեմ ասելու, բայց միայն նրա կառուցվածքը ցույց է տալիս, որ նա հոգեկան խանգարումներ ունի:

Մեկ գիշերվա ընթացքում ինձ 4 անգամ ցավազրկող ներարկեցին, բժիշկներն ինձ ուզում էին հիվանդանոց պառկեցնել՝ վիճակս ծանր էր, առավոտյան հարկադրաբար տարան վիրահատության: Իմ բացատրության մեջ ես մանրամասն նշել եմ, որ զենք ունենալ չէի կարող՝ նույնիսկ ժամանակացույցը չէր համընկնում»:

Գրիշա Վիրաբյանի դիտարկմամբ՝ այս ամենի ետևում կանգնած է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Որպեսզի ոստիկանները չպատժվեն, նա հետագայում Ռոբերտ Քոչարյանին ասել էր, թե ես Քոչարյանին «մեր եմ հայհոյել», որի հետևանքով ոստիկաններն ինձ հետ այդպես են վարվել՝ մանրամասները գիտեք»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ նա իր հիմնական վնասվածքները ստացել էր Աշոտ Կարապետյանից, ով երկաթի կտորներով, չհրկիզվող պահարանի երկաթե բանալիներով հարվածել էր իրեն. «Իշխանությանը հենց այդ կարգի մարդիկ են հիմա պետք, նրանք մարդկային զգացմունքներ չունեն և ոչ մի բանի առաջ չեն կանգնում»:

Մարիամ Գրիգորյան

1in.am