Որտեղի՞ց է գալիս այսչափ սուտը, կեղծիքը՝ բոլոր հայ մեծերը լինելու են դպրոցական դասագրքերում․ Արայիկ Հարությունյան․ Տեսանյութ

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է առարկայական չափորոշիչների շուրջ քննարկումներին ու նախարարության հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

«Ասում են՝ դուք հանում եք հայ գրականություն առարկայից հանում եք «հայ» բառը։ Ուզում եմ հասկանալ, թե այսչափ կեղծիքը և սուտը որտեղի՞ց է գալիս։ Ընդ որում այդ սուտն ու կեղծիքը հնչում է կարևոր բուհական, հետազոտական կենտրոններից։ Եվ նույնիսկ այն դեպքում, երբ դու հերքում ես տարածում, որ այդպիսի բան չկա, իրենք շարունակում են դա անել։ Դավիթ Գասպարյանը, որը ժամանակին 7-րդ դասարանի դասագիրք է գրել, կոչվում է Գրականություն։ «Հայ» բառը չկա։ Նույնը 8-րդ և 9-րդ դասարանում։ Ուզում եմ հասկանալ՝ այս մանիպուլյացիաներն ու կեղծիքներն ինչի՞ համար են, որ ստվերեն այս ամբողջ գործընթա՞ցը, չի հաջողվելու։ Ես հասկանում եմ՝ որտեղից է այս ամբողջ գործընթացը․ մի մեծ խումբը, որը նախկինում դասագրքեր է գրել և ապահովել է դպրոցների չզարգացումը, հիմա դուրս է մնացել գործընթացներից։ Մենք բավականին շատ ուսուցիչներ ենք ներգրավել այս գործընթացում», -հայտարարել է Հարությունյանը։

Անդրադառնալով հիմնական քննադատությանը, նախարարը ընդգծել է, որ բոլոր հայ մեծերը լինելու են դպրոցական դասագրքերում։ «Բոլորն են լինելու՝ Նարեկացի, Քուչակ։ Մենք դրա մասին խոսել ենք։ Հերքել ենք բոլոր խոսակցությունները, որ նրանք դուրս են գալիս դպրոցական ծրագրերից։ Բայց դրանից հետո շարունակում են կեղծիքները տարածել մամուլում», -հավելել է նախարարը։

Հարցազրույց Արայիկ Հարությունյանի հետ

Ընդունելության քննությունների և կրթության նոր չափորոշիչների մասին Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Posted by Լուրեր on Monday, July 27, 2020