Նոյեմբերյան խոշորացված համայնքում արևային կայաններ են տեղադրվում

Տարածքային ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով իրականացնում է ՏԻՄ բարեփոխումների ծրագիր, որի շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ ներդրումների, 30 միլիոն դրամով նախատեսվում է արևային կայանների տեղադրում` Նոյեմբերյան խոշորացված համայնքում:

Արևային առաջին կայանն արդեն տեղադրվել է Նոյեմբերյանի մշակույթի տան տանիքին: Այն ունի 20 կվտ. հզորության և տարեկան արտադրելու է մոտ 25000 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա:

Մինչև սեպտեմբեր այստեղ նախատեսվում է 80 կվտ գումարային հզորության ևս չորս կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա:

Ծրագրի հաջող ավարտից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքը տարեկան կունենա շուրջ հինգ միլիոն դրամի խնայողություն: