Ուկրաինայից Սիրիա` աշխարհաքաղաքական քերականության իրականացումը

Ուկրաինայից Սիրիա` աշխարհաքաղաքական քերականության իրականացումը
Ուկրաինայից Սիրիա` աշխարհաքաղաքական քերականության իրականացումը

Աշխարհագրական տարբեր միջավայրերում ռուսական հենակետերի գրավման-պահպանման նպատակով մղվող պատերազմների հրատապության կարգով առաջնային դիրքերի ժամանակավոր փոփոխություններ են տեղի ունենում: Ուկրաինան եւ Ղրիմը հայտնի պատճառներով Արեւմուտք-հյուսիս բախումնային իրավիճակը տեղադրել են աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կիզակետում: 

Մի կողմից միջազգային օրենքի ինքնորոշման սկզբունքի համահնչեղության նկատառումով ժողովրդավար հանրաքվեի եղանակը գործի է դում, մյուս կողմից զինուժ է կուտակվում խնդրո առարկա տարածքների սահմաններին եւ պատժամիջոցների սպառնալիքի անվերջ հայտարարություններ են կատարվում: Ուկրաինառուսական տարածքների վրա գերիշխանություն հաստատելու այս պարանաձգությունը առայժմ պահվում է քաղաքական բանակցությունների վերահսկողության տակ: Այդ հովանիից դուրս գալու որեւէ փորձ անկանխատեսելի հետեւանքների կարող է առաջնորդել ամբողջ տարածաշրջանը:

Ռուսաստանի միջինարեւելյան հենակետի իրավիճակը այլ հանգամանքներ է ստանում: Սիրիայում տեղակայված ծայրահեղ կրոնականության կարգախոսի տակ գործող զինյալ խմբավորումների դեմ կառավարական ուժերի արշավը ռազմավարական կետեր ապահովելու ընթացքում է: Այս տեղաշարժը կատարվում է այն պահին, երբ Արեւմուտք-հյուսիս լարվածությունը կենտրոնանում է Արեւելյան Եւրոպայի սահմանների վրա: Սիրիան այս դեպքում երեւութապես ստանում է երկրորդական նշանակություն:

Պարզ է, որ Արեւմուտքը ոչ միայն ուկրաինական պատճառներով օժանդակության նախկին աստիճանաչափը չի պահում Սիրիայի հակակառավարական ճակատին: Ծայրահեղականությունը սպառնալիք է ոչ միայն Դամասկոսին եւ սիրիական դասական ընդդիմությանը, այլեւ ընդհանրապես Սիրիային եւ Արեւմուտքին, մանավանդ երբ դրանց շարքերին նկատելիորեն հայտնվել են իսլամական աշխարհաքաղաքացիության բազմաթիվ տարբերակները: Թե՛ տարածաշրջանում եւ թե՛ Սիրիայում հակածայրահեղական գործողությունների անտեսանելի կանաչ լույսեր կան, լուռ համաձայնություններ գուցե:

Ուրեմն միայն ուկրաինական առաջնահերթությունը չէ, որ Սիրիայում դիպաշարի ուղղությունների հուներն է փոխում, այլեւ նույնինքն սիրիական հանգամանքները: Այս գործընթացներից անմասն չի մնում նաեւ միջազգային մեկուսացումից դուրս գալու փորձեր կատարող Թեհրանը: Աննկատ չէ Հեզբոլլահի մասնակցությունը սիրիական ռազմավարական կետերի վերագրավման մարտերում:

Սիրիական գետնի վրա ուժերի վերադասավորման իրականությունների դիմաց պատասխան պայթումներ են տեղի ունենում լիբանանյան հողի վրա: Անձնասպանական գործողություններից մինչեւ հրթիռարձակումներ եւ զինվորական միջադեպեր: Խորքում սակայն աշխատում է քաղաքական քերականությունը: Դեպքերը չեն վերածվում իսլամական երկու գլխավոր դավանանքների միջեւ հսկայածավալ բախումի, լուրջ դժվարություններից հետո նորանշանակ կառավարությանը հաջողվում է խմբագրել աշխատանքային ծրագիրը եւ հակառակ գերլարում պատճառող պայթունավտանգ գործողությունների, իրենց դերն են ունենում զսպիչ գործոնները, որոնց հետեւում է նաեւ քաղաքական հռետորաբանության որոշ զսպվածություն: Այսպես է միայն բացատրվում կառավարության կազմության նախօրյակով սկսած արեւմտյան եւ իրանամետ ուժերին եւ դրանց դաշնակիցների միջեւ տեղի ունեցող զգուշավոր փոխասացությունը:

Ուկրաինայից մինչեւ Լիբանան, անցնելով Սիրիայից աշխարհաքաղաքական ուժերի միջեւ զինվորաքաղաքական առեւտուրների պատճառած ելեւէջներով տվայտվում է ամբողջ տարածաշրջանը, որտեղ ապրում են հայ համայնքներ: Երեւանն ու հայ համայնքային ներկայացուցչությունները վերլուծական ժամացույցերի սլաքների համակարգման անհրաժեշտության առջեւ են` աշխարհաքաղաքական քերականության հիման վրա իրականացվող գործընթացներին հետեւելու համար: Գեթ այս հանգրվանին:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

© Medialab.am