Քաղաքական դաշտի գրագիտացումը` անցնցում. Շահան Գանտահարյան

Քաղաքական դաշտի գրագիտացումը` անցնցում. Շահան Գանտահարյան
Քաղաքական դաշտի գրագիտացումը` անցնցում. Շահան Գանտահարյան
Հեղինակ MediaLab

Ներհայաստանյան քաղաքական և հասարակական դաշտի թեժացման միտումները մտահոգիչ տեսք և տարողություն ստանալու նախադրյալներ են պարզում: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծվող վճռակամությունը` հարստապետական կարգերին վերջ տալու և այդ նպատակով քաղաքականություն-հարստություն սերտաճման գործընթացը կասեցնելու: Երևույթը նոր չէ մեր երկրում և պայմանավորված չէ հասարակական մեկ ուժով և մի անձով: Երևույթը առկա է ոչ միայն […]

Ներհայաստանյան քաղաքական և հասարակական դաշտի թեժացման միտումները մտահոգիչ տեսք և տարողություն ստանալու նախադրյալներ են պարզում: Անառարկելի են քաղաքական դաշտի գրագիտացման համար հնչող կոչերը, ընդգծվող վճռակամությունը` հարստապետական կարգերին վերջ տալու և այդ նպատակով քաղաքականություն-հարստություն սերտաճման գործընթացը կասեցնելու:

Երևույթը նոր չէ մեր երկրում և պայմանավորված չէ հասարակական մեկ ուժով և մի անձով: Երևույթը առկա է ոչ միայն խորհրդարանական խմբակցություններում, այլ նաև ուղղակի հատկանշում է մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական դիրքեր գրաված, օրենսդիր կյանքի քննարկումներին և զարգացումներին համարյա չմասնակցող, բայց քաղաքական ներկայություն ապահոված համակարգը:

Մեծամասնական ընտրակարգի այսօրվա դրույթը քաղաքականության և գործարարության սերտաճելի համատեղման ամենից խոսուն նվիրականացումի եղանակն է: Ահա թե ինչու խորհրդարանական ընտրակարգի 100/100 համամասնականի անցումը պիտի հիմնովին նպաստած լիներ քաղաքական դաշտի գրագիտացման ձևավորմանն ու կայացմանը:

Գործարարության տարանջատումը քաղաքական դաշտից կարևոր ելակետ կարող է նկատվել հավելյալ ժողովրդավարացման, օրենսդիր կյանքի ճիշտ ուղիով զարգացման, քննարկումների աշխույժ մասնակցության:

Այս առաջադրանքը նոր չէ, իհարկե, և տեսականորեն հնչել է վաղուց։ Պարզ է, որ հիմա ցույց տրվող վճռակամությունը հանկարծակիության իրավիճակ է ստեղծել հայաստանյան ներքաղաքական դաշտում: Նման հանկարծակի վճռակամության և դրան հետևող քայլերի հայտարարությունն ու իրականացման արագակշռույթ բնույթը բնականաբար անցնցում չեն կարող լինել:

Այս բոլորի պատճառների և շարժառիթների փնտրտուքը տեղի է տվել տարատեսակ մեկնաբանությունների և ենթադրությունների վրա հիմնված վերլուծումների: Սկսյալ ԲՀԿ առաջնորդի Մոսկվա կատարած այցելությունից, կազմակերպած խորհրդաժողովին բարձրաձայնած կարգախոսներից, անցնելով նույն կուսակցության անդամի դեմ իրականացված ծեծից, նման բռնարարքի պատվիրատուի մասին կատարված ենթադրություններից, հասնելու համար գերպետական մակարդակներից ներշնչված և ուղղակի կամ անուղղակի պատվիրված գործողությունների: Նման խորհրդածությունները չեն բացառում նույնիսկ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իբրև արդյունք ներհայաստանյան դաշտը բևեռացնելու և դրանով իսկ Գալիպոլիի կողքին 100-ամյակի նշման չեզոքացման նոր միջոցառում հրամցրած լինելու կարելիությունը: Չմտնելով շարժառիթների փնտրտուքի ոլորապտույտի մեջ՝ փորձենք կենտրոնանալ ստեղծված իրավիճակի փաստի վրա, որոշ հետևություններ անելու համար:

ԲՀԿ-ի առաջնորդը, նախքան Հանրապետության նախագահի ելույթը, որ ի դեպ հռետորաբանությամբ, ոճով և օգտագործված բառապաշարով աննախադեպ էր` համեմատած իր նախորդ բոլոր ելույթներին, արդեն կոչ էր արել համաժողովրդային շարժման համար երկրի տարածքում շտապների ձևավորման:

Սա արդեն ենթադրում էր, որ ինքնուրույն կամ թելադրված, առանց 100-ամյակի հաշվարկն անելու, նա ներքաշվել էր ենթադրյալ առաջադրանքի մեջ` ներհասարակական լարվածություն ստեղծելու ծուղակը:

Նման հակազդեցությունը նախագահական մակարդակով կարող է բացատրվել 100-ամյակից առաջ երկրի անկայունացմանը միտող շարժման արգելակումի որոշմամբ: Այս վարկածը կարող է համոզիչ չթվալ, եթե հակափաստարկներն ավելի տիրական ձևով ընդգծեն` օգտագործված եղանակից դուրս, այլ միջոցներով, ենթադրյալ անկայունությունը կանխելու անհրաժեշտությունը:

Այս դեպքում խնդիրը այն է, որ արդյոք կանխարգելման այս եղանակով կհաջողվի՞ երկիրը դուրս բերել լարվածությունից, թե՞ դուռ կբացվի այդ առումով թեժացման նոր մագլցողականության:

Եթե մի պահ ընդունենք, որ ներկա պատկերը բացատրվում է արտաքին ներշնչումներով և ծրագրված իրավիճակների առաջացմամբ, ապա պետք է սպասել նաև ներազգային պառակտման այլ քայլեր Սփյուռքում ևս: Սփյուռքյան որոշ շրջանակների հետ երկխոսություն սկսելու Անկարայի մոտեցումները կարող են այլատեսակ կերպով դրսևորումներ ունենալ:

Զգոնության և սթափության հրամայականը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետությանը: Այս առումով Սփյուռքը ևս թիրախային կետի վրա կարող է հայտնված լինել հակաքայլեր և նման իրավիճակներ առաջադրող հակառակորդի կողմից:

Այժմ սակայն, ուշադրության կիզակետը Հայաստանի Հանրապետությունն է: Քաղաքական դաշտը պետք է գործարարազերծել և օժտել քաղաքական գրագիտությամբ: Առանց ցնցումների: Ցնցումները ոչ միայն անտեղի են ժամանակի առումով, այլ կարող են ծառայել հակառակորդին:

Ամեն պարագայի խնդիր կա թե՛ հայ հասարակության և թե՛ ընդհանրապես բոլորի առաջ փաստելու, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար չէ  ընդդիմադիր գործչի նկատմամբ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական դաշտի քաղաքականացումը, գրագիտացումը և բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը ունենան համակարգային ու սկզբունքային բնույթ: Մյուս կողմից քաղաքական հաշվեհարդարի մտայնությունները ցրելու ճանապարհն այն է, որ ձեռնարկվելիք քայլերը  տեղի ունենան իրավական հողի վրա և փաստարկված լինեն օրենքի տառի խստագույն պահպանման նախանձախնդրությամբ: Միաժամանակ հարգելով  սեփական ճշմարտությունն ապացուցելու ընդդիմության իրավունքը, ներկա կարևոր ժամանակահատվածում խիստ անհրաժեշտ է, որ քաղաքական գործընթացները չվերաճեն երկիրը անկայունության տանող ծայրահեղ դրսևորումների:

 

Շահան Գանտահարյանը «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրն է։

Լուսանկարը՝ Սիվիլնեթ