Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու համար Հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանրապետության նախագահը նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնել, քանի որ կայուն ոռոգովի տարածքների ավելացմամբ գյուղատնտեսության համախառն բերքի ծավալները կավելանան մի քանի անգամ: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրին, որն իր ռազմավարական նշանակությամբ Արցախի համար «դարի նախագիծ» է դառնալու:
Ոռոգման համալիր ծրագրի կյանքի կոչման գործում նախագահն առաջարկել է նաեւ կիրառել արտեզյան ջրհորների տարբերակը, սակայն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է սկսել հիմնավոր ուսումնասիրություններ անելուց հետո: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը վերահսկողություն սահմանել կատարվող աշխատանքների վրա՝ բացառելով հնարավոր չարաշահումները: