Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման գաղափարից անցել է ռազմավարական գործունեության փուլ և դարձել է Ադրբեջանի կրթական ու գիտական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։
Ադրբեջանական Teleqraf-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Նախիջևանում անցկացվող «Արևմտյան Ադրբեջան վերադարձ» III փառատոն-համագումարում։
«Այս ուղղությամբ կցանկանայի առանձնահատուկ նշել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի», ինչպես նաև գիտական հաստատությունների, հատկապես՝ Նախիջևանի պետական համալսարանի դերը։
Հետադարձ հայացք գցելով՝ կարող ենք ասել, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման գաղափարից անցել է ռազմավարական գործունեության փուլ։ Նախագահի քաղաքականության արդյունքում «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հետ կապված իրականացվում են համակարգված կազմակերպչական, իրազեկման և հետազոտական միջոցառումներ։
Այս թեման արդեն դարձել է հասարակական մտածողության ձևավորման, ինչպես նաև մեր նախաձեռնությունների և դիվանագիտության անբաժանելի մասը։ Վերադարձը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր միանշանակ ցույց է տալիս, որ պատմական արդարությունը վաղ թե ուշ իր տեղն է գտնում։ Այսօր ադրբեջանցիների վերադարձը Ղարաբաղ ևս վկայում է, որ նույնիսկ անարդարության բախվելու դեպքում, եթե ժողովուրդը պայքարում է դրա դեմ, կարողանում է հասնել իր նպատակներին»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գաղափարն այսօր Ադրբեջանի պետության և ժողովրդի ռազմավարական նպատակն է, իսկ այդ տարածքներ վերադառնալը՝ ադրբեջանցիների՝ միջազգային իրավունքից բխող իրավունքը։
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին, իր հերթին, հայտարարել է, որ հաջողվել է «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հասցնել միջազգային հանրությանը։
Նրա խոսքով՝ համայնքը մինչ օրս տարբեր միջազգային կազմակերպությունների և դրանց ղեկավարների հասցեով ուղարկել է 120 նամակ, հրապարակել է 345 հայտարարություն՝ Հայաստանի և միջազգային կազմակերպությունների «կողմնակալ» զեկույցների ու բանաձևերի վերաբերյալ։ Բացի այդ, համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են ընդհանուր առմամբ 78 հանդիպում Ադրբեջան այցելած օտարերկրյա պատվիրակությունների և երկրում հավատարմագրված դիվանագետների հետ, ինչպես նաև 6 հանրային լսում՝ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովներում։



















