Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Դատարանը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մասին հաշված րոպեներ առաջ տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։

Օրբելյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Փաստաբանը խոստացավ, որ վաղը՝ հուլիսի 28-ին հրավիրված մամլո ասուլիսին կպատասխանի բոլոր հարցերին: 

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երեկ։

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»,-նշված էր ՀՀ քննչական ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ։