Սպանված զինվորի դագաղը մեքենայից հանել են ու սպառնում են ոտքով բերել Երեւան

Սեւան-Երեւան մայրուղու վրա` Սեւանի կամրջի մոտ այս պահին թեժ դրություն է: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում են, որ սպանված զինվորի` Լյուքս Ստեփանյանի հարազատներն, ամեն գնով փորձում են ճեղքել ոստիկանական մեքենաների պատնեշը, սակայն չի հաջողվում: 

Նրանք ստիպված մեքենայից հանել են զինվորի դագաղը եւ փորձում են ոտքով բերել Երեւան:

Դեպքի վայրում հարյուրավոր մարդիկ կան: Ուժայինների ու հարազատների միջեւ բախում է ընթանում: Հարազատները հարվածում են ճանապարհը պատնեշած մեքենաներին:

Նշենք, որ նրանց ընդառաջ են գնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Սեյրան Օհանյանն արդեն տեղ է հասել եւ փորձում է զրուցել զինվորի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր լիներ, սակայն ծնողները չեն պատրաստվում որդուն հողին հանձնել, նրանք դին Երեւան են բերում` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու եւ մտադիր են կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել:

Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Այս պահին ճանապարհը պատնեշված է:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Վերջիններս փորձում են սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին համոզել, որ Երեւան չգան, հետ վերադառնան եւ վստահեցնում, որ սպանությունը կբացահայտվի: Սակայն զինվորի հարազատները շարունակում են ընդվզել եւ պահանջում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Նրանց հետ հանդիպելու է գնացել նաեւ Գեղարքունիքի թեմի առաջնորդը, սակայն վերջինիս չի հաջողվել հարազատներին հետ պահել բողոքի մտքից:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: