Կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն դժգոհություններին, ըստ որոնց՝ քաղաքացիները տուգանվում են դիմակ չկրելու համար։ «Այո, դրա համար կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել։ Այն ժամանակ ասում էինք՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր, հիմա հույս ունենք, որ մահերը կզրոյանան, կասենք՝ կրկիր դիմակ և մի տուգանվիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ սրանով փորձում են հիվանդացությունը նվազեցնել, մինչև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ կապված հարցերը կլուծվեն։

«Եվ այստեղ կրկին ու կրկին մեր թիվ մեկ գործընկերը մեր քաղաքացին է, ում խնդրում ենք, որ ականաջալուր լինի։ Այս լավատեսական իրավիճակը, որ մենք ունենք, պետք է կրկնապատկի մեր զգոնությունը և կարգապահությունը, ժամանակը ցույց տվեց, որ կարգապահությունը բերում է արդյունք։ Եվ հետևաբար, պետք չէ սեփական ձեռքերով քանդել սեփական ձեռքերով կառուցված արդյունքը, մանավանդ, որ մենք հիմա պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը բացել,  բուհական համակարգի հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են։ Եվ այդտեղ անխուսափելիորեն թվերի որոշակի աճ լինելու է։

Մեր հիմնական ռիսկը դա է։ Այո, եթե մենք կանոնները պատշաճ պահենք, թվերի աճը կլինի այնպիսին, որ մեր այսօրվա խոսակցության բովանդակությունը չի փոխվի։ Բայց եթե պատշաճ կարգապահություն չպահվի, մենք նորից վերադառնալու ենք ճգնաժամային իրավիճակի»,- ասաց վարչապետը։