Մեքսիկան ցանկանում է միանալ COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի փորձարկումներին

Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը շահագրգռվածություն Է հայտնել միանալ կորոնավիրուսի դեմ «Արբանյակ V» ռուսաստանյան պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը՝ ամփոփելով Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելիի հետ Էբրարդի հանդիպումները:

Էբրարդն ինքը պատմել Է, որ Կորոնելիի հետ հանդիպմանը հայտարարել Է երկրի հետաքրքրվածությունը պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի անցկացման հարցում, որպեսզի որքան հնարավոր Է ավելի շուտ այն ստանա Մեքսիկան:

Նշվում Է, որ պատվաստանյութի փորձարկումների՝ երեք ամիս տեւողությամբ երրորդ փուլը, որին այժմ մասնակցում Է 40 հազար մարդ, վճռական նշանակություն Է ունենալու դրա արդյունավետությունը, գրանցումը եւ առեւտրայնացումը որոշելու համար: Էբրարդը հանդիպման ժամանակ հիշեցրել Է, որ Լոպես Օբրադորի կառավարությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութերը եւ դեղամիջոցները դիտարկում Է որպես հանրային ձեռքբերում, որը պետք Է համընդհանուր հասանելիություն ունենա:

Ավելի վաղ Ռուսաստանը գրանցել Է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ: Պատվաստանյութն իրենց ներկայացնելու Է լուծույթ՝ միջմկանային ներմուծման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: