Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ

Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ
Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ

«Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում հունիսի 20-ին ժամը 19:00-ին: Այդ մասին տեղեկացնում է կենտրոնի մամլո հաղորդագրությունը:

Միջթանգարանային համագործակցության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնած «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցադրությանը ներկայացված է Հարություն Կալենցի ստեղծագործությունների ընտրանին «Կալենց» թանգարանի հավաքածուից: 

Քանի որ նկարիչն աշխատում էր երեք հիմնական գեղանկարչական ժանրերում՝ նատյուրմորտ, բնանկար և դիմանկար, ուստի այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու արվեստագետի գունամտածողության արտացոլմանը տարբեր տեսանկյուններից: Կալենցի համար գույնը այս կամ այն երևույթի արտաքին կերպարը մատնանշելու համար չէր: Ինչպես Մատիսն էր սիրում ասել. «Ես չեմ օգտագործում կանաչ և կապույտ գույները՝ խոտ ու երկինք նկարելու համար»: Նույնը Կալենցի դեպքում է. նա գունային բծերի ու շերտերի միջոցով կերտում էր ձև, ծավալ, լուսաստվեր, կառուցում հեռանկար: Նա անում է դա անկաշկանդ, ազատ՝ որպես հիմք ընդունելով միայն գեղագիտական սկզբունքները

Սույն ցուցադրությունը մատնանշում է թե՛ արվեստագետի ստեղծագործական փնտրտուքները 1960-ականների շեմին, թե՛ արդեն հստակ ձևավորված լեզուն և թե՛ վերջնական հեռացումը իրականությունից՝ գրեթե վերացական ձևերի մեջ: Գեղանկարներին զուգահեռ ներկայացնելով նկարչի գրաֆիկական տարբեր շարքեր՝ ցուցադրությունը մուտք է բացում դեպի Կալենցի «ստեղծագործական խոհանոցը», որտեղ վարպետը կատարելության էր հասցնում իր ձեռագիրը, նոր ձևեր ու մոտեցումներ փորձարկում և ապա փոխանցում կտավին: Սա գրեթե անհայտ անկյուն է դիտողի համար Կալենցի բազմաշերտ ստեղծագործական ժառանգության մեջ:

«Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը ևս մեկ քայլ է Կալենց արվեստագետին հանրության ավելի լայն զանգվածներին, և ոչ միայն հայաստանցիներին, ներկայացնելու ճանապարհին, ինչն արտացոլում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունը: Կալենցի ստեղծած աշխարհը որքան անիրական, նույքան իրական է այնքանով, որքանով գոյություն ունի կտավի մակերեսին և ուղղակի առնչվում է բնության կողմից թելադրվող գլխավոր օրենքներին՝ հավասարակշռություն և ներդաշնակություն: Ինչպես ինքը Կալենցն էր ասում. «Վերջում բոլոր իզմերը կվերանան, կամփոփվեն մեկ ամբողջության մեջ, կդառնան բնություն»:

Ցուցահանդեսը կտևի մինչև 2013 թ. սեպտեմբերի 22-ը: Մուտքն անվճար է: 

© Medialab.am