Լիբանանից հայերի հոսքը Հայաստան շարունակական է և այժմ շաբաթը 2 անգամ թռիչք ունենք Բեյրութից․ Սինանյան

Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայեր ժամանել են Հայաստան։ Այդ մասին այսօր հայտարարել է Սփյուռքի հարցերի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։

«Այս հոսքը շարունակական է, այժմ շաբաթը 2 անգամ թռիչք ունենք Բեյրութից Հայաստան: Բոլոր թռիչքները համարյա լիքն են գալիս»,- նշել է Սինանյանը:

Լիբանանից Հայաստան եկած հայերի խնդիրները, ըստ հանձնակատարի, փորձում են լուծել, ընդառաջել նրանց։ Նրա խոսքով, այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում տնտեսական ճգնաժամից ու պայթյունից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ:

«Հետեւաբար, կզարմանաք, թե քանի մարդիկ են առաջարկում իրենց տները: Մարդիկ կան, որ իրենց հանգստյան տներն են առաջարկում: Այսինքն՝ փոքր ծավալներով կարողանում ենք հոգալ բոլորի կարիքները»,-ընդգծել է նա: