Արցախի Հանրապետության պարետի
ցուցման համաձայն, ԱՀ տարածք մուտք գործող բոլոր անձանցից անցակետում 3 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստից զատ պահանջվելու է նաև թեստի պատասխանի թղթային տարբերակը՝ լիարժեք հետազոտությամբ հավաստիանալու դրա իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ:
Թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։
Հ․Գ․ Կարանտինի խիստ սահմանափակումներից հետո օգոստոսի կեսերից սկսած՝ ՀՀ-ից ժամանած զբոսաշրջիկների հոսքը, կարծես, կայունանում է, ինչն ուրախալի է:
Պատճառը Արցախ մուտք գործելու պայմանների փոփոխությունն է: Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում արված ոչ ավել քան 72 –ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստի առկայության դեպքում:
Հայաստանյան մի շարք տուրօպերատորներ ակտիվացրել են դեպի Արցախ տուրերը և առաջարկում են մատչելի զբոսաշրջային փաթեթներ:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
31.08.2020