Գեղարքունիքի մարզի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում իրականացվում են հնագիտական պեղումներ

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով եւ համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ:

Ինչպես տեղեկացրեց արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ, «Թաքնված եւ ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի շրջանակներում, որի ղեկավարն է երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյանը:

Հնագիտական պեղումներն այս պահին իրականացվում են Շողակաթ գյուղի դամբարանադաշտում եւ Արտանիշ գյուղի՝ վաղ բրոնզեդարյան բնակատեղիում:Առաջիկա օրերի ընթացքում պեղումներ կիրականացվեն նաեւ Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի ամրոց-բնակատեղիում: «Շողակաթ բնակավայրում պեղել ենք Արտանիշ 23 պայմանական անունը կրող դամբարանադաշտը: Երկու դամբարան արդեն պեղել ենք, հիմա պեղում ենք երրորդը: Դամբարանները պատկանում են երկաթի դարին:

Պեղված դամբարաններից մեկն էլ թալանվել է կես տարի առաջ, որի համար քրեական գործ է հարուցվել: Այդուհանդերձ, այդ դամբարանից գտնվել են ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր՝ ուլունքներ, խեցեղեն, մարդկային եւ կենդանական ոսկորներ, որոնք պատկերացում են տալիս այդ ժամանակաշրջանի տնտեսական հարաբերությունների, մշակույթի, կենցաղի եւ հավատալիքների մասին:Արտանիշի վաղբրոնզեդարյան հնավայրը մեր արշավախմբի կողմից բացահայտվել է 2015 թվականին:

Այն վերաբերում է Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին: Պեղվել են հետաքրքիր հնագիտական իրեր:

Ընդլայնված կազմ ունեցող արշավախմբում ընդգրկված են մասնագիտական բարձր որակավորում ունեցող հնագետներ եւ երկրաբաններ»-ներկայացրեց արշավախմբի համաղեկավարը: 

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։