«Արցախի ճանաչումը նշանակում է կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թույլ չտալ հերթական ագրեսիան»․ Ստյոպա Սաֆարյան

Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կանգնած է լուրջ հարցադրումների առաջ։

Եվ Ֆրանսիայի օրենսդիր իշխանությունն ըստ էության բոլոր խմբակցությունների մակարդակով կողմ է արատահայտվում, որ առաջին պլան բերվի Արցախի կարգավիճակի հարցը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Սատյոպա Սաֆարյանը։

«Ես կարծում եմ՝ պատահական չէ, որ այսպես է որոշվել, որ օրենսդիրի մակարդակով հող տրվի գործադիրին։ Այսինքն՝ Ֆրանսիայի գործադիր մարմինն իր համար ազատության դաշտ է բացել։

Նկատելի է, որ եթե կառավարությունը չի խոչընդոտել այդ նախաձեռնությունը, նշանակում է, որ կառավարությունը դեմ չէ։ Եվ Ֆրանսիայի կառավարությունն ըստ էության մանդատ է ստանում իր պառլամենտից բանակցային գործընթացում որպես միջնորդ դնելու Արցախի կարգավիճակի ճանաչման հարցը»,- ասում է Սաֆարյանը։ 

Նշենք, որ այսօր ուշ երեկոյան Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից։ Վերջնական որոշումը կայացնելու է Ֆրանսիայի կառավարությունը։

Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.

«Առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 

Դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից, 

Պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը»։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ուշագրավ է այն, որ բանաձևի տեքստում կա և՛ ադրբեջանական զորքերի դուրսբերման, և՛ 1994 թվականին հաստատաված սահմանների վերականգնման մասին ձևակերպում։

«Այսինքն՝ ռուսական կողմի առաջ էլ են դնում խնդիր՝ կամ ճանաչել 1994 թվականին կնքած հրադադարը, կամ 2020 թվականին ընդունած։ Իհարկե, ենթադրելի է, որ Ռուսաստանը կնախընտրի 2020 թվականի հրադադարը, որովհետև այդ հրադադարի արդյունքում ռուս խաղաղապահներ են տեղակայվել հակամարտության գոտում։

Բայց բոլոր դեպքերում ռուսական կողը և ԱՄՆ-ն նույնպես բարդ հարցերի պատասխան տալու առաջ են կանգնում, որովհետև սա Ֆրանսիայի կառավարության մանդատն է ըստ էության՝ բանակցային գործընթացում հանդես գալ այդ դիրքորոշումով»,- նշում է Սաֆարյանը։

Քաղաքագետը հավելում է, որ սահմաների հարցով Մինսկի խմբում քննարկելու, սահմաները հստակեցնելու շատ հարցեր կան։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ներկայում գտնվում է իշխանության փոխանցման փուլում, բայց կարելի է ինչ-որ տոկոսով համոզմունք հայտնել, որ Ֆրանսիան ու ԱՄՆ նոր իշխանությունը կգործեն սինքրոն։

«Այստեղ արդեն Ռուսաստանի խնդիրն է, թե ինչ կնախընտրի անել այդ երկիրը»,- նշում է նա։

Արցախի ճանաչումը, Սաֆարյանի խոսքով, նշանակում է կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Սա նշանակում է թույլ չտալ հերթական ագրեսիան կամ առնվազն նախազգուշացնել, որ պատարզմի շարունակությունն արդեն ագրեսիա կհամարվի ոչ իրեն պատկանող տարածքի հանդեպ»,- նշում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am